Գիտնականները նշում են, որ ամբոխը միասնական օրգանիզմ է՝ իր էմոցիաներով, զգացմունքներով և ցանկություններով հանդերձ։ Բավական է միայն՝ մարդը հայտնվի իրադարձությունների կենտրոնում, և նա միանգամից սկսում է ենթարկվել շրջապատող մարդկանց տրամադրությանը։ Սակայն առաջին հայացքից անվտանգ թվացող գործողությունն անգամ կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Անդադար պարել և ծիծաղել, գետից քաղցր ջուր խմել, կատվի նման մլավել․ այս ամենը արդեն մեկ անգամ դարձել է համաճարակի պատճառ։

Մլավող միանձնուհիներ

1844 թվականին հրատարակված գրքում հետաքրքիր դեպք է նկարագրվում․ մի անգամ ֆրանսիական մենաստաներից մեկում միանձնուհիներից մեկը սկսում է մլավել, քիչ անց նրան են միանում նաև այլ միանձնուհիներ։ Համաճարակն այնքան վարակիչ է լինում, որ վարակում է նաև այլ երկրներին․ Գերմանիայում, Հոլանդիայում և անգամ Իտալիայում միանձնուհիները սկսում են մլավել և անգամ կծել։ Տեղի բնակիչների բողոքներից հետո զինվորականների սպառնալիքների պատճառով նրանք կրկին անցում են կատարում «մարդկային լեզվին»։

Ծիծաղի համաճարակ

Այս դեպքը տեղի է ունեցել Տանզանիայում 1962 թվականի հունվարի 30-ին, երբ դպրոց-ինտերնատի երեք աշակերտուհի սկսեցին անդադար ծիծաղել։ Նրանց ծիծաղն այնքան վարակիչ էր, որ որոշ ժամանակ անց նրանց միացան նաև այլ աշակերտներ։ Ոմանք ծիծաղում էին մի քանի ժամ այն դեպքում, երբ ոմանք շուրջ 16 օր չէին կարողանում կառավարել իրենց։ Ստիպված դպրոցը փակեցին, սակայն դա նույնպես չօգնեց։ Համաճարակը տարածվեց նաև հարևան գյուղերում, որտեղ երեխաները նույնպես սկսեցին անդադար ծիծաղել։

Շոկ Պոկեմոնների պատճառով

«Պոկեմոնների» առաջին եթերաշրջանում արգելված հատված կա, որը Ճապոնիայի սահմաններից դուրս ցույց չեն տալիս։ Խնդիրն այն է, որ 38-րդ մասը շուրջ 12 հազար ճապոնացի երեխայի մոտ առաջացրել էր սրտխառնոց, տեսողական խնդիրներ, գլխացավ և գիտակցության կորուստ։ Ոմանք ասում են, որ այս ամենի պատճառը վառ լույսերն ու գույներն են, իսկ մյուսները ենթադրում են, որ դա մասսայական հիստերիայի ալիք է եղել։

Քաղցր ջուր

2008 թվականին զարմանալի իրադարձություն է տեղի ունեցել․ օգոստոսի 18-ի երեկոյան Մումբայի բնակիչների մեջ սկսվում են շշուկներ տարածվել այն մասին, որ Մահիմ գետի ջուրը փոխել է իր համը և դարձել քաղցրահամ։ Շատերը, այս ամենը համարելով աստվածային նշան, որոշեցին համոզվել դրանում։ Արդեն կեսգիշերին հազարավոր մարդիկ սկսեցին փորձարկել գետի ջուրը։ Մասսայական հիստերիան շարունակվեց մինչև օգոստոսի 19-ը, իսկ 14։00-ին ջուրը կրկին փոխեց իր համը և դարձավ աղի, ու մարդիկ սկսեցին լքել գետը։

Ինչո՞ւ է կարևոր իմանալ սա

Ամեն օր մենք կողմնակի ազդեցությունների ենք ենթարկվում և հաճախ չենք էլ նկատում դա։ Միևնույն ժամանակ  հեղինակություն ունեցող մարդը ավելի հեշտ է կարողանում ղեկավարել մարդկանց և եթե նա կարողանա որևէ մեկին ստիպել, որ նա հավատա որևէ անհավանական տեսության, ապա ամբոխին համոզելն ավելի հեշտ կդառնա, իսկ սա կարող է հանգեցնել համաշխարհային մասշտաբների ողբերգության։

Եզրակացություն․ տեղեկատվություն ստանալու համար պետք է օգտվել տարբեր աղբյուրներից։ Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում աշխատեցրեք ձեր քննադատական միտքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել