Կառավարության նիստում այսօր ՎՊ-ի վերջին օրերին ԱԺ-ում ներկայացրած հաշվետվությանն է անդրադարձել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակավ հնչած մեղադրանքները պատասխան ստանան»,- հայտարարել է Տ.Սարգսյանը, հավելելով, որ ինքն անձամբ շահագրգռված է, որ ՎՊ բացահայտումներում ներկայացված գործերը անհապաղ ներկայացվեն իրավապահներին եւ տրվեն պատասխաններ:
Նա նաեւ նշել է, որ պետական բյուջեի միջոցները երբեւիցե մսխած պաշտոնյաները պետք է խիստ պատիժ կրեն:
«ՎՊ-ը խիստ մասնագիտացված կառույց է, եւ համաձայն եմ պատգամավորների այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն պրոցեդուրաները, թե ինչպես է ներկայացվում ՎՊ հաշվետվությունը ԱԺ-ում: ՎՊ-ը իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով: ՎՊ-ը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը դա ԱԺ-ի եւ գործադիր իշխանության ֆունկցիաներն են»,- հայտարարել է վարչապետը:
Տ.Սարգսյանը նաեւ հանձնարարել է կառավարության անդամներին, որ իրենց հասցեին հնչած որեւէ մեղադրանք անպատասխան չմնա: «Դուք պարտավոր եք կամ հերքել, կամ նյութեր պատրաստել ու ներկայացնել դատախազություն, կամ էլ հրապարակային ասել, որ դրանք ճիշտ են ու կրել պատսխանատվություն»,- ասել է վարչապետը:
Բայցեւայնպես, վարչապետը համաձայն չէ, որ բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդ դրամը, բոլոր ոլորտներում համատարած մսխվում է: Նրա խոսքով դա չի կարող համապատասխանել իրականությանը: