Բավական հետաքրքիր ստվերվեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Ջավախք: Ի դեպ, սա նրա առաջին այցն էր այդ շրջան նախագահ ընտրվելուց հետո։ Նախորդ անգամ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախք էր գնացել 2018 թ․-ի հոկտեմբերին նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Այս անգամ այցի նպատակն այլ էր: Սալոմեն Ջավախքում էր, որպեսզի տեղի հայ բնակչությանը մի քանի մեսիջ փոխանցի, որոնցից մեկը վրացերեն լեզու իմանալուն էր վերաբերում: Նշեմ, որ Վրաստանի՝ հիմնականում հայերով բնակեցված Ջավախեթի շրջանում լեզվի հետ կապված միանգամից մի քանի խնդիր կա: Դրանցից մեկն այն է, որ այստեղ բնակչության մեծ մասը վրացերեն չգիտի, և դա մեծ խնդիրներ է առաջացնում և՛ բնակչության, և՛ պետության համար ինչպես աշխատանքի տեղավորման հարցում, այնպես էլ բոլոր հաստատություններում, ինչպես նաև ինտեգրման շատ հարցերում: Տեղի հայ համայնքը Վրաստանի՝ մեծությամբ երրորդ էթնիկ խումբն է (վրացականից և ադրբեջանականից հետո) և Ջավախեթիի բնակչության մեծ մասն է կազմում: Եվ համայնքը տարիներ շարունակ հավակնություններ ուներ, որ հայոց լեզուն պետական լեզվի պաշտոնական կարգավիճակ ստանա գոնե տարածաշրջանային մակարդակում: Ջավախքում հավատացած են, որ հայոց լեզվին շրջանայինի կարգավիճակ շնորհելը կօգնի հաղթահարել մեկուսացումը, որում այժմ ապրում է Վրաստանի հայ համայնքը: Արդյո՞ք հայոց լեզվին կարգավիճակ տալն ավելի չի մեկուսացնի հայերին՝ բացի նրանից, որ սա փոքր-ինչ հավակնոտ ցանկություն է: Ցանկացած երկրում ապրել՝ չիմանալով տվյալ երկրի լեզուն, բնականաբար, խնդիրներ է առաջացնելու: Ջավախքցիների մտավախությունն այն է, որ իրենք, կորցնելով լեզուն, կկորցնեն նաև հայ ինքնությունը: Բայց խոսքը բնավ հայերենը մոռանալու մասին չէ, այլ ուղղակի վրացերեն իմանալու մասին է:

Այդ մասով արդեն բավական քայլեր են ձեռնարկվում վրացական իշխանությունների կողմից: Բացվել են բազմաթիվ կենտրոններ, որոնք անվճար դասավանդում են վրացերեն տեղի հայ բնակչության համար: Իսկ նախագահն իր այցի ընթացքում նշել է, որ «պետությունը ջանքեր չի խնայում և աշխատելու է վրացերենն ավելի հասանելի դարձնել, նախևառաջ՝ երեխաների համար»։ Քայլերից մեկն, ասել է նա, Ախալքալաքում վրացերենի ուսուցմամբ մանկապարտեզ բացելն է։ Մնում է հորդորել մեր բարեկամներին օգտվել երկրի տված հնարավորություններից ի նպաստ իրենց՝ չկորցնելով ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել