Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրվի ծծկեր երեխան, որը ծնվել է աշխարհում ամենափոքր՝ 258 գրամ քաշով: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Նագանոյի պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցի բժիշկներին:

Հղիության ընթացքում տղայի մոր մոտ հիպերտոնիա է զարգացել, եւ բժիշկներն անհանգստացել են նրա ներարգանդային զարգացման համար: Անցյալ տարվա հոկտեմբերին հղիության 24-րդ շաբաթին որոշվել է նրան կեսարյան հատում անել:

Մանկիկը լույս աշխարհ է եկել 258 գրամ քաշով: Դա աշխարհում ամենափոքր քաշն է այն երեխաների թվում, որոնք այնուհետեւ կարողացել են ողջ մնալ եւ նորմալ զարգանալ:

Մոր խոստովանությամբ՝ սարսափելի էր նրան դիպչելը, այնքան փոքր էր նա: Բժիշկները նշում են սկզբնական շրջանի բարդությունների մասին: Մասնավորապես, դժվար էր երեխային կաթոցիչ դնել, քանի որ նրա արյունատար անոթները բարակ էին ասեղներից:

Այժմ տղայի հասակը 43 սանտիմետր է, իսկ քաշը՝ 3374 գրամ: Ինչպես սպասվում է, ապրիլի 20-ին երեխան կարող է դուրս գրվել հիվանդանոցից:

Աշխարհում արձանագրված է ընդամենը 24 դեպք, երբ 300 գրամից փոքր քաշով ծնված երեխաներին հաջողվել է ողջ մնալ: Նրանցից գրեթե բոլորն աղջիկներ են եւ միայն հինգը՝ տղաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել