Նկարում պատկերված լեյտենանտ Խիրո Օնոդոն Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո շուրջ 30 տարի շարունակել է վարել պարտիզանական պայքար այն պարզ պատճառով, որ չէր հավատում պատերազմի ավարտին: Նա գտնվում էր Ֆիլիպիններում, երբ իր զինակիցների հետ կարդաց ինքնաթիռից նետված թղթերն այն մասին, որ պատերազմն ավարտվել է: Սակայն նա չհավատաց դրան և որոշեց, որ դա թշնամական ծուղակ է, այդ իսկ պատճառով նա իր մի քանի ընկերների հետ պարտիզանական պայքարի անցավ: Նրա անվան շուրջ սկսեցին լեգենդներ հյուսվել: 1974թ. հայտնի ճանապարհորդ Նորիո Սուձուկին կարողացավ ջունգլիներում հանդիպել նրան և փորձեց համոզել վերադառնալ քաղաքակրթություն՝ նշելով, որ պատերազմն ավարտվել է: Օնոդոն մերժեց՝ նշելով, որ դա տեղի կունենա այն դեպքում, երբ նա հրաման լսի իր անմիջական հրամանատարից: Նրա հրամանատարը Յոսիմի Տանիգուտին էր, ով վաղուց արդեն ծերունի էր և աշխատում էր գրքի խանութում: Տեղեկանալով իր նախկին ենթակայի մասին՝ նա 1974թ. մարտ ամսին ժամանեց այն կղզի, որտեղ 30 տարի գտնվում էր զինվորականը և հրամայեց զենքը վայր դնել: