Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի և Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից դեռևս 2017թ. ծրագրված մերձավորարևելյան տարածաշրջանում հակաիրանական ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման գործընթացը ոչ մի կերպ չի հաջողվում: Ենթադրվում էր, որ «Մերձավորարևելյան ռազմավարական դաշինքի» մաս էին կազմելու Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Օմանը, Բահրեյնը, Քուվեյթը, Կատարը, Հորդանանը և Եգիպտոսը:
2018թ. նոյեմբերին նախանշված կառույցի կազմավորումը խափանվեց Ստամբուլում սաուդցի այլախոհ գործիչ Ջամալ Խաշոկջիի սպանության աղմկահարույց դեպքի և դրա հետևանքով բարձրացած միջազգային աղմուկի հետևանքով: Դրանից հետո տևական ստվերային բանակցություններից հետո Վաշինգթոնին հաջողվել էր օրերս Էր-Ռիադում հավաքել կազմավորման պոտենցիալ մասնակից երկրների ներկայացուցիչներին: Մինչդեռ այս անգամ դաշինքին հնարավոր մասնակցությունից հրաժարվել է Եգիպտոսը. պատճառը հավանաբար Իրանի հետ հարաբերությունների սրումից խուսափելն է, քանի որ Եգիպտոսի իշխանությունների մոտ նաև առկա է որոշակի թերահավատություն Թրամփի վերընտրման հետ կապված: Ներկայում արաբական միապետություններն ակտիվ ջանքեր են գործադրում՝ Կահիրեի որոշման վրա ազդելու նպատակով, թեպետ նաև խոստովանում են, որ նախաձեռնությունը լուրջ խնդիրների է բախվել:
Բացի նշվածից՝ դեռևս շարունակվում են խորը տարաձայնությունները մի կողմից Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի, մյուս կողմից՝ Կատարի միջև, որն, ի պատասխան իր դեմ իրականացվող շրջափակաման քաղաքականության, ավելի է խորացնում հարաբերություններն Իրանի, նաև Թուրքիայի հետ: