
Ցանկանում եմ անդրադառնալ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին: Ուղղակի նողկանք եմ ապրում, երբ պաշտոնյան, այն էլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը իրեն այդ կերպ է դրսևորում՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները: Ինչպե՞ս կարելի է անհիմն տեղը մարդուն վիրավորել, այն էլ կնոջը, այն էլ Ազգային ժողովում:
Երեկ` Գալուստ Սահակյանը, էսօր` Վարդան Այվազյանը, իսկ վաղն ո՞վ է լինելու: Թույլ չենք տալու: Քաղաքացիական հասարակությունը թույլ չի տալու: Ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովից այս հարցը բարձրացնել և համապատասխան մեխանիզմներ կիրառել, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: Լրագրողը ունի բոլոր իրավունքները լուսաբանելու այն ամենը, ինչ կատարվում է ԱԺ-ում, իրավունք ունի նաև վրա գալ պատգամավորին իր հակափաստարկներով, երբ տեսնում է, որ պատգամավորը սխալ է: Խոսքը միայն Վարդան Այվազյանի մասին չէ, այլ բոլոր պատգամավորների՝ անկախ կուսակցությունից, խմբակցությունից, տարիքից կամ սեռից: Ազգային ժողովը քուչի հավաքատեղի չէ, և պատգամավորը պետք է գիտակցի, թե որտեղ է գտնվում, և ով է նա: Պատգամավորը հանդիսանում է իմ ներկայացուցիչը ԱԺ-ում, գերագույն իշխանությունը պատկանում է ինձ, և ես պահանջում եմ, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն: