Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992-1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։

Պատասխանելով դեմոկրատ սենատոր Դուրբինի այն հարցին, թե արդյոք Գոլանի բարձունքներն Իսրայելի ինքնիշխան տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումն ու Ղրիմի «բռնակցումը» նույնակա՞ն չեն, պետքարտուղարը պատասխանել է, որ չի կարելի համեմատել նշված երկու խնդիրները, քանի որ Իսրայելը Գոլանի բարձունքները գրավել է իր կենսական անվտանգությունը պաշտպանելու և իր վրա Սիրիայի կողմից հարձակումները կանխելու նպատակով, մինչդեռ Ռուսաստանը Ղրիմը «բռնակցել» է իրեն անվտանգային ոչ մի սպառնալիք չառաջացնող պետությունից։

Չքննարկելով Ղրիմի վերաբերյալ պետքարտուղարի կողմից արված հայտարարության իրավաչափությունը՝ պետք է արձանագրել, որ միջազգային իրավունքում հաստատվեց նոր իրողություն, որը հավակնում է վերածվել միջազգային սովորութային իրավունքի աղբյուրի։

Համաձայն այդ իրողության, եթե իր նկատմամբ ուղղված ակնհայտ ագրեսիայի արդյունքում պաշտպանվող պետությանը հաջողվում է գրավել իր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող, սակայն ագրեսոր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, ապա պաշտպանվող պետությունը ստանում է լեգիտիմ իրավունք՝ պահանջելու և ստանալու միջազգային հանրությունից այդ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչում։

Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի դիվանագետներն ու փորձագետները պետք է օգտագործեն այս նախադեպը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի արդյունքում կորցրած տարածքների նկատմամբ Արցախի ինքնիշխանության հաստատման նպատակով, հատկապես որ այդ տարածքները լրջագույն նշանակություն ունեն Արցախի 150.000 խաղաղ բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել