Operativ.am-ը գրում է.

Գործադիրի վաղվա նիստին ներկայացված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ կառավարությունը դեմ է արտահայտվելու ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական այն նախագծին, որով արգելվում է բնակավայրերում կենդանիների խոշտանգումներն ու «զենքի կիրառմամբ ոչնչացումը»։

«Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում և այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել է մամուլով»,- նշվում է պատգամավորի ներկայացրած հիմնավորման մեջ։

Կառավարության եզրակացության համաձայն, սակայն, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել նաև, օրինակ` գայլերի դեմ պայքարի սահմանափակումների, քանի որ երբեմն անհրաժեշտություն է լինում թույլ տալ, որ գայլերի որս իրականացվի զենքով՝ այդ կենդանիների քանակը նվազեցնելու համար։

«Բացի այդ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ»,- ասվում է կառավարության եզրակացության մեջ։
Այս ամենի հանրագումարում կառավարությունն առաջարկելու է չընդունել Ուրիխանյանի նախագիծն ու օրենքը թողնել անփոփոխ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել