Այս օրերին կրկին ակտիվացել են ստվերային բանակցությունները՝ Սիրիայի հյուսիսային որոշ շրջանների ճակատագրի հետ կապված: Մարտի վերջին Սիրիայի արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նրա կողմից վերահսկվող վերջին շրջանից՝ Բաղուզից դուրս մղելուց հետո մեծամասամբ քրդական միավորումներից կազմված «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) կառույցի ղեկավարությունը նախաձեռնել էր Դամասկոսի հետ ակտիվ բանակցային գործընթաց, որի նպատակն էր սիրիական կառավարության ինքնիշխանությունը ճանաչելու դիմաց ապահովագրել իրենց կողմից վերահսկվող շրջանները Թուրքիայի հնարավոր ռազմագործողությունից: Բանակցությունների միակ նախապայմանը Սիրիայի քրդաբնակ շրջանում առկա փաստացի ինքնավարության ճանաչումն է Դամասկոսի կողմից, մինչդեռ այն չի ընդունվում ոչ միայն սիրիական կառավարության, այլ նաև Իրանի կողմից: Դրան սկզբունքորեն դեմ է նաև Թուրքիան:
Այսօր Մոսկվայում տեղի ունենալիք Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում, բացի տնտեսական և քաղաքական մի շարք խիստ արդիական թեմաներից, կողմերը հիմնականում կենտրոնանալու են Սիրիայի հարցի վրա: Հյուսիսային որոշ շրջանների շուրջ սակարկություններն առավել առարկայական են դառնալու հատկապես Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում խորացող ճգնաժամի համատեքստում, երբ Անկարայի կողմից Սիրիայի քրդաբնակ շրջաններում որևէ ինքնուրույն ռազմագործողության նախաձեռնումն ավելի կանխատեսելի է դառնում: