ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում երեք հարց է:

ԱԺ-ն կքննարկի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Ըստ օրենսդրական առաջարկի՝ ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խորանարդ մետրից կդարձվի կիլոգրամ:

Օրակարգում է նաև «Տոների և  հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ որպես տոն կսահմանվի ՀՀ քաղաքացու օր, որը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

ԱԺ-ն կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ որոշման՝ 2019 թվականի ապրիլի 8-ին գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել