Արցախում ընտրական գործընթացների մեկնարկը, տարբեր ուժերի ակտիվացումը պահի ու ժամանակների առումով աննպատակահարմար ու անցանկալի եմ համարում: Իմ տպավորությամբ՝ այդ զարգացումներն այնքան կապ չունեն Արցախի, որքան Հայաստանի հետ:
Նախորդ տարի ապրիլին ՀՀ-ում ունեցած զարգացումներից հետո տեսակետ կար, որ այսպես կոչված «հակահեղափոխական ուժերը» փորձելու են Արցախն օգտագործել ընդդեմ Հայաստանի գործողություններ իրականացնելու համար: Եթե նախկինում այդ ուժերը նախկին իշխանությունների հետ էին կապվում, ապա այսօր դրանք այլ ուժեր են: Սասնա ծռերն՝ առաջին հերթին ու ոչ միայն:
Մամուլը գրեց նաև, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հակափաշինյանական արշավ սկսել։ Դա նկատելի էր նաև գեներալի վերջին հարցազրույցներից: Մի խոսքով՝ ցավալի գործընթացներ են նկատելի Արցախում։ Հույս ունեմ, որ առողջ ուժերի միջամտությունը թույլ չի տա, որ իրադարձություններն Արցախի համար վատ հուն մտնեն:
ՀԳ. Առողջ ուժեր ասվածը հավաքական հասկացություն է, որի տակ կարելի է հասկանալ և՛ Արցախի, և՛ Հայաստանի ինչպես իշխանական ուժերին, այնպես էլ այլ խմբերի, որոնք իսկապես մտահոգված են Արցախի ճակատագրով: