« – Ինչո՞ւ փորձ չի արվել հետ բերելու կորցրած դիրքերը, և ինչո՞ւ հայկական կողմը որոշեց չշարունակել ռազմական գործողությունները և համաձայնեց հրադադարի վերահաստատմանը։
– Նման փորձեր արվել են։ Մարտակերտի պաշտպանական շրջանի 116 մարտական դիրքն ընդամենը 40 րոպե է մնացել թշնամու կողմից գրավված, որից հետո ազատագրվել է կազմակերպված հակագրոհի շնորհիվ։ Բացի այդ՝ բարձրաստիճան հրամանատարության կողմից մշակվել են և՛ թալիշյան, և՛ ջաբրայիլյան գրավված մարտական հենակետերը հետ բերելու օպերացիաներ։ Ավելին՝ Թալիշում արդեն ապրիլի 3-ին համակարգված գործողության շնորհիվ հետ են բերվել 2 մարտական դիրք (դրանց կարևորության մասին տե՛ս այստեղ)։ Հենց այդ դիրքերի տարածքում ադրբեջանցիները թողեցին տասնյակ հատուկջոկատայինների դիակներ, որոնց նկարները՝ որպես ադրբեջանական ագրեսիայի ապացույց, տարածվեցին համացանցում։ Ընդհանուր առմամբ, սակայն, հակագրոհի կամ հակահարձակման պլան կազմելը ժամանակատար և մանրակրկիտ աշխատանք է և խիստ տարբերվում է գեղարվեստական ֆիլմերում պատկերված համապատասխան տեսարաններից։ Եվ երբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց ինտենսիվ կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածություն, հայկական կողմն առկախեց այդ օպերացիաների իրականացումը։
[Դրա պատճառն] ամբողջությամբ հասկանալու համար պետք է հիշել Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում․ ի տարբերություն թշնամու՝ Հայաստանում թե՛ իշխող վերնախավը, թե՛ ժողովուրդն առհասարակ ցանկանում են խաղաղություն, ու մեր երկրի ռազմական և քաղաքական ղեկավարությունը դիմում է պատերազմական գործողությունների այն դեպքում, երբ անհրաժեշտ է զսպել հակառակորդին և քիչ թե շատ տևական ժամանակամիջոցում պահպանել խաղաղությունը։ Ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ արդեն պարզ էր, որ ռազմաճակատի գիծը կայունացել է այն կոնֆիգուրացիայով, ինչ տեսքի այն եկել էր ապրիլի 3-ի կեսօրի դրությամբ․ հայկական կողմը չէր հասցրել կամ չէր կարողացել հետ բերել թալիշյան և ջաբրայիլյան ուղղությամբ կորցրած բոլոր դիրքերը, իսկ Ադրբեջանը ցանկություն կամ հնարավորություն չուներ շարունակելու առաջխաղացումը, հատկապես որ ռազմաճակատի կենտրոնական ուղղությամբ հայկական հրետանու հմուտ գործողությունների շնորհիվ ձախողվել էր վերջինիս տանկային զորաշարժի և/կամ ներթափանցման փորձը։
Կարճ ասած՝ մեր կողմից կենսական նշանակության մարտական դիրքերի ազատագրումից և ռազմաճակատի գծի կայունացումից հետո մյուս կորուսյալ մարտական դիրքերի վերագրավման փորձի դեպքում սպասվող անխուսափելի մարդկային և նյութական կորուստները գնահատվեցին անթույլատրելի կամ անհամարժեք, և որոշում կայացվեց գնալու հրադադարի վերականգնման»։