Օպերայի և բալետի թատրոնը, ինչպես նաև մի քանի կարևոր ու առանձնահատուկ կազմակերպություններ չի կարելի մցնել ընդհանուր ՊՈԱԿ-մոակների կառավարման տրամաբանության մեջ։ Պետք է լինի առանձին օրենսդրական կարգավորում օպերայի (նաև մի քանի ուրիշ կառույցների) համար։ Համատարած հավասարությունը և համահարթեցումը այս դեպքում սխալ են։ Այո՛, Օպերան ուրիշ է և կարևոր է, ամեն երկիր չէ, որ իրեն կարող է թույլ տալ օպերա, ֆիլհարմոնիկ նվագախումբ, բալետ ունենալ․ սա արվեստի միջուկային ակումբի պես բան է։ Արվեստի բնագավառում միջազգային համագործակցությունը լայնորեն ընդունված երևույթ է, և ինչքան էլ ինքս կողմ եմ և միշտ պայքարել եմ պետական գործառույթներում բացառապես հայերենի օգտագործման համար, սա հատուկ դեպք է։ Հնարավոր է՝ վաղը ճապոնացի կամ պերուացի հանճարեղ մեկին համոզենք՝ գա, թատրոնը տնօրինի (չնայած դժվար), կամ գոնե տատիկը հայ մեկին, օրինակ՝ Պենդերեցկուն․ որևէ խնդիր չկա թարգմանչի հաստիք կցելու և գործավարությունը հայերեն իրականացնելու։ Արվեստի բնագավառը պետք է լինի ճկուն և ամենակարևորը՝ բաց աշխարհի համար, ցանկացած մեկուսացում միայն վնասելու է զարգացմանը։

Այնպես որ, ճիշտ կլիներ սկսել օրենսդրական դաշտի բարեփոխումից։

Մեկ էլ մի անեկդոտ հիշեցի, տղան գալիս ա պրոգրամիստ հոր մոտ, ասում ա․
- Պապ, ինչո՞ւ է արևն արևելքում ծագում, արևմուտքում՝ մայր մտնում։
- Յա՜, ամեն օր տե՞նց ա։
- Հա, իհարկե։
- Դե եթե աշխատում ա, բան մի ձեռ տուր, չխառնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել