Երեկ Նիկոլ Փաշինյանը հստակ ու պարզորոշ հասկացրեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օրերը հաշված են, և դա քաղաքական որոշում է, իր անձնական որոշումը։ «Չկա տարբերակ, սա քաղաքական որոշում ա, այո, քաղաքական որոշում ա, և էդ քաղաքական որոշումը, մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, կիրագործվի»: Նա ավելացրեց նաև, որ նման ոճով աշխատողները «Նոր» Հայաստանում անելիք չունեն, այսինքն՝ լքեն հայրենիքը, կամավոր աքսորվե՞ն...
Երբ ԵՊՀ-ում հոգեբարձուների խորհրդի նիստի հետ կապված բարձրաձայնվեց, որ իշխանությունների քաղաքական որոշման հետևանքով է այն անցկացվում և ակնհայտ ճնշումների արդյունքում, անմիջապես լալահառաչ ժխտվեց այդ լուրը, ընդ որում՝ նաև ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն ինքն է շեշտում, որ, այո՛, որոշումը քաղաքական է և անբեկանելի, ընդ որում՝ այդ մասին հայտարարում բացահայտ և ի լուր աշխարհի, իսկ մինչ այդ բազմիցս խոսում, որ բուհերը չպետք է քաղաքականացվեն, խոսում դպրոցները քաղաքականացնելու արատավոր երևույթների մասին, այսինքն՝ իրենց կարելի է քաղաքականացնել, իրավիճակ է փոխվել, և իրավիճակի տերն իրենք են, և ինչ կուզեն, կանեն, ում կուզեն, կստիպեն՝ լքի պաշտոնը, լքի երկիրը։ Քաղաքական որոշմամբ, բոլշևիկյան ոճով, հեղկոմի որոշմամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել