«ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը, հնարավոր է, առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Փարաքարի բնակիչները:
Նշենք, որ ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը 18 տարի է, ինչ Փարաքար համայնքի ղեկավարն է: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սամվել Վարդանյանի հետ ճշտելու՝ արդյոք հրաժարական տալու է, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ ՀՀԿ-ական գյուղապետը հանգիստ տոնով ասաց. «Եթե Ձեզ պետք է, կարող եմ գրել: Նման հարց ինձ մոտ երբևիցե չի առաջացել: Ես տեղեկություն չունեմ: Փարաքարում հունիսի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու, իսկ գյուղապետի իմ լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ, գյուղապետն արձագանքեց. «Դեռ ամիսուկես կա մինչև առաջադրումը: Ես եթե հիմա ասեմ՝ առաջադրում եմ, բայց հետո փորս կամ գլուխս ցավի, չեք ասի՝ եքա մարդ է, խաբեց: Տրամադրվածություն ունեմ աշխատելու»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: