Պաշտոնավարման ընդամենը 2 տարվա ընթացքում Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն երրորդ հույժ կարևոր քայլն է կատարում Մերձավոր Արևելքում իր առանցքային դաշնակցի՝ Իսրայելի համար։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելուց, Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց Սիրիայի՝ միջազգայնորեն օկուպացված ճանաչված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին։
Միաժամանակ մի քանի կարևոր բաղադրիչներ ունեցող այս հարցի թերևս ամենակարևոր կողմն աշխարհի թիվ 1 գերտերության կողմից միջազգային իրավունքի գործող համակարգի ոտնահարումն է, միջազգային անվտանգության և խաղաղության երաշխավոր առանցքային մարմնի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1967թ․-ից ի վեր խնդրի վերաբերյալ ընդունված մի քանի բանաձևերի անտեսումը։ Ինչ խոսք, Սպիտակ տան նման դիրքորոշումը բավական կարևոր և օրինակելի է դաշնակցի՝ Իսրայելի հետ հարաբերությունների համատեքստում, բայց, առանց չափազանցության, հարիր չէ գերտերության, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի դիրքերի տեսանկյունից, որը միանշանակորեն բացասաբար է ազդելու նախ՝ Վաշինգտոնի միջազգային իմիջի, ապա նաև՝ հատկապես Մերձավոր Արևելքում հետագա դերակատարման վրա։
Հատկապես վերջին շրջանում նկատվող աշխարհաքաղաքական լարվածության խորացման միտումների պայմաններում Վաշինգտոնի նման ոչ հեռատես գործելաոճն ավելի է խորացնում միջազգային անվտանգության համակարգում արդեն տևական ժամանակ նկատվող ճգնաժամը՝ առավել խթանելով դրա պարպման բնական և պատմական գործընթացը․․․