Անգլիայի բնակչուհի 19-ամյա Բո Ջեսափը մի ամբողջ կարողություն է վաստակել գաղափարի շնորհիվ, որը մտահղացել է Չինաստան կատարած ուղևորության ժամանակ:

Բոն ընդամենը 16 տարեկան էր, երբ հոր հետ Չինաստան ուղևորվեց: Այնտեղ նրանց ծանոթներն աղջկան խնդրել են իրենց երեխայի համար անուն ընտրել: Բոն գիտեր, որ դա լուրջ հարց է, բայց չէր կարողացել հրաժարվել:

Չինաստանում շատ ընտանիքներ ցանկանում են, որ իրենց երեխաները նաև երկրորդ՝ անգլիական անուն ունենան: Նրանք կարծում են, որ դա կօգնի հետագայում արտերկրում բուհ ընդունվելու և աշխատանք գտնելու ժամանակ: Սակայն ինտերնետի հասանելիության սահմանափակ լինելու պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում անգլալեզու կայքերից օգտվել համապատասխան անուն ընտրելու համար, ինչն էլ անհարմար իրավիճակների է հանգեցնում:

«Երբ սովորում էի դպրոցում, շատ չինացի աղջիկներ անգլիական անուններ ունեին, բայց երբեմն շատ տարօրինակ, ինչի պատճառով նրանք ծաղրի առարկա էին դառնում, այդ պատճառով երեխայի անուն ընտրելը ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն»,- ասել է Բոն:

Ուղևորությունից հետո Բոն որոշել է օգնել այդպիսի ծնողներին: Բոն կայք է ստեղծել, որտեղ հնարավոր է համապատասխան անուն ընտրել՝ ելնելով մի քանի բնութագրող հատկանիշներից: Սկզբում ծնողները նշում են սեռը, ապա հատկանիշները, որոնք կուզեին տեսնել իրենց փոքրիկի մոտ:

Մի քանի տարվա ընթացքում Բոն օգնել է անուն ընտրել 670 հազար փոքրիկի համար, գրում է MamaMia-ն, ինչից բիզնես լեդին ոչ միայն հաճույք է ստացել, այլև ավելի քան 260 հազար ֆունտ սթերլինգ եկամուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել