«Եթե նա չի կարողանում պաշտպանել իր հեռախոսը, հապա ինչպե՞ս է պաշտպանելու երկրի անվտանգությունը»։
Ծանոթ միտք է, չէ՞, գրեթե նույնությամբ հիշեցնում է ամիսներ առաջ Հայաստանում եղած իրավիճակը:
Վերոնշյալ մեջբերումն իսրայելական քաղաքական դաշտում վերջին օրերին առավել ակտիվ շրջանառվող թեզն է, որի առիթն այդ երկրի գլխավոր ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, նախկին ԳՇ պետ Բենի Գանցի հեռախոսն իբր իրանական հատուկ ծառայությունների կողմից կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունն է: Նշվում է նաև, որ իսրայելական հատուկ ծառայությունները ևս տիրապետում են Գանցի հեռախոսի պարունակությանը և որոշ «աղմկոտ» մանրամասներ են փոխանցել վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Առհասարակ, հետևելով նախընտրական շրջանում իսրայելական քաղաքական դաշտում գերակա դիսկուրսին՝ բազմաթիվ նմանություններ եմ տեսնում հայկական իրողությունների հետ: Գրեթե կասկած չունեմ, որ մեզանում կուսակցական և խորհրդարանական համակարգերի զարգացման պարագայում այդ միտումներն ավելի ակնհայտ են դառնալու:
Ավելին՝ բազմիցս եմ նշել, որ գրեթե նույնանման իրավիճակ է նաև 2 երկրների մեդիա դաշտերում. լրատվամիջոցների զգալի մասն ունի հակաիշխանական դիրքորոշում: Այդպիսի պայմաններում հասարակության հետ երկխոսելու վարչապետի ամենաարդյունավետ միջոցը Facebook սոցիալական ցանցի Live հավելվածն է, որն Իսրայելում ծաղրանքով անվանում են «ԲիբիTV» (վարչապետի մականվամբ), իսկ իշխող «Լիքուդ» կուսակցության քարոզարշավն առավելապես լուսաբանվում է նույն սոցցանցում կուսակցության էջով, որին էլ կոչում են «ԼիքուդTV»: