Հայոց պատմության հատկապես վերջին 200 տարվա շրջանակներում ամսաթվեր կան, որոնք առարկայական հետք են թողել մեր պատմության հետագա ընթացքի վրա: 98 տարի առաջ այս օրը՝ 1921 թ. մարտի 16-ին, Մոսկվայում ընթացող ռուս-թուրքական 2-րդ կոնֆերանսի ընթացքում (առաջին կոնֆերանսը եղել էր 1920 թ. ամռանը) կնքվեց ռուս-թուրքական Մոսկվայի «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը: Պայմանագիր, որի արդյունքում է, որ մեր ներկայիս պետության սահմաններն առավել ընդարձակ չեն: Պայմանագիր, որի արդյունքում Խորհրդային Ռուսաստանը հայկական մի շարք տարածքներ տվեց եղբայրական Թուրքիային: Պայմանագիր, որի արդյունքում Նախիջևանը տրվեց Խորհրդային Ադրբեջանին:

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը տարածաշրջանում մի ամբողջ գործընթացի վերջնակետն էր: Գործընթաց, որը սկիզբ էր առել 1920 թ. ապրիլ ամսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Քեմալի՝ Լենինին ուղղված նամակով, որտեղ խոսվում էր ռուս-թուրքական տանդեմի մասին: Այս երկու պետություններն ունեին իրենց ընդհանուր շահերը տարածաշրջանում: Նրանց ընդհանուր թշնամի արևմուտքը չպետք է ազդեցություն ունենար տարածաշրջանում, իսկ Հայաստանը՝ որպես Անտանտի դաշնակից, ինչպես ռուսները և թուրքերն էին նշում, չպետք է գոյություն ունենար: Ռուս-թուրքական նամակագրությունից հետո՝ 1920 թ. ամռանը, թուրքական պատվիրակությունը՝ Սամի Բեքիրի գլխավորությամբ, արդեն իսկ Մոսկվայում էր, որտեղ, ինչպես նշվեց, տեղի էր ունենում ռուս-թուրքական մոսկովյան առաջին կոնֆերանսը: Արդյունքում 1920 թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական առաջին գաղտնի պայմանագիրը: Պայմանագրի շրջանակներում ռուսական կողմը մինչև ատամները զինեց թուրքական զորքերին, նաև հսկայական քանակությամբ ոսկի և ֆինանսներ հատկացրեց, ինչպես իրենք էին նշում, հայ իմպերիալիստների դեմ կռվելու համար:

Ռուսների կողմից թուրքերին զինելու մասին իր հուշերում գրում է թուրքական բանակի Կովկասյան և Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր Փաշան՝ մասնավորապես նշելով․ «Չլիներ ռուսների ռազմական օգնությունը՝ դյուրին չէր լինի 1920-ի աշնանը ծնկի բերել նախ՝ հայերին, հաջորդ տարիներին՝ հույներին։ Հայաստանն Անկարայի ու Մոսկվայի թշնամին էր, եւ որպես պետություն պետք է վերանար: Դաշնակից ռուսներն ըմբռնումով էին մոտենում Հայաստանի վրա հարձակվելու մեր մտադրությանը»։

Հետագայում՝ սեպտեմբեր ամսին, Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումարը, որին անձամբ մասնակցում էր Էնվեր Փաշան: Համագումարի ընթացքում թուրքերը ռուսների հետ որոշեցին հայերի վրա հարձակվելու ժամկետները: Սեպտեմբեր ամսվա վերջին սկսվեց թուրքական բանակի հարձակումը: Միաժամանակ հայկական բանակի դեմ կռվում էին նաև ռուսները, որոնք դա արել էին նաև ամռանը, և հայերի հետ մարտերում ամռանը նրանք գրավել էին Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը: Աշնան ամիսներին Բաքվում հայ կոլաբորացիոնիստ բոլշևիկների կողմից ձևավորվել էր Հայ ռազմահեղափոխական կոմիտեն՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ (ում անունով դեռ փողոց կա Երևանում): Թե այդ շրջանում հայ բոլշևիկներն ինչպիսի հակապետական գործունեություն էին ծավալում՝ հատկապես փորձեր անելով կազմալուծել կռվող հայկական բանակը, թերևս այլ թեմա է: Միայն նշեմ, որ Բաքվում ձևավորված Ռազմահեղափոխական կոմիտեն նոյեմբերի 29-ին ռուսական 11-րդ Կարմիր բանակի հետ մեկտեղ ներխուժեց Հայաստան: Դեկտեմբերի 2-ին Երևանի համաձայնագրով Հայաստանի առաջին հանրապետությունը դադարեց իր գոյությունը:

Փաստացի ֆիքսում ենք, որ ռուս-թուրքական մերձեցման արդյունքում, որի առանցքային կետերից մեկը 1920 թ. ռուս-թուրքական առաջին կոնֆերանսն էր, Հայաստանն ուղղակիորեն հոշոտվեց ռուս-թուրքական տանդեմի կողմից: Այնուհետև ռուս-թուրքական 2-րդ կոնֆերանսի արդյունքում, որը տեղի ունեցավ 1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ն, արդեն նրանք իրար միջև բաժանեցին մեր հողերը: Մասնավորապես Թուրքիային անցավ Կարսի մարզը՝ Սուրմալույի գավառը, Շարուր Դարալագյազը, իսկ Նախիջևանը, ինչպես նշվեց, տրվեց Ադրբեջանին: Պայմանագիրն ուներ շուրջ 16 հոդված: Այն ստորագրել էին Ռիզա Նուրի Բեյը, Ալի Ֆուատ Բեյը, Չիչերինը և Կորկմասովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել