168.am-ը գրում է.

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը շեշտեց, որ ակումբի կողմից կազմակերպած նմանօրինակ հանդիպումները նպատակ ունեն փոխանցելու պատերազմական փորձն ու գիտելիքներն ապագա սերնդին:

«Մենք արդեն իսկ մեր նախորդ հանդիպման ընթացքում խոսել ենք հոգեբանական գործոնների մասին, որոնք պատերազմի ժամանակ կարող են հաղթանակի գրավական դառնալ,- ասաց Լիպարիտ Ղազարյանը,- այսօր, շարունակելով դասընթացի թեման, անդրադառնալու ենք Արցախյան պատերազմին՝ հյուրնկալելով այդ պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին»:

Արկադի Տեր-Թադևոսյանը նախ նշեց, որ թեպետ թեման պատերազմի դասերի մասին է, բայց ինքը դժվարությամբ է պատերազմի մասին խոսում, քանի որ պատերազմը մարդկային երևույթ չէ:

«Պատերազմում մարդը զոհում է իր կյանքը: Բոլոր կամավորներն էլ պատերազմ են գնում այդ գիտակցմամբ, և հավատացեք, որ շատ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այն մարդը, որի հետ դու կանգնած զրուցում ես կամ որևէ թեմա ես քննարկում, վաղը կարող է զոհվել»,- անկեղծացավ Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալը նշեց, որ պատերազմի դաշտում մարդը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ամեն ինչի և անդրադարձավ վախի գործոնին:

«Շատերդ երևի մտածում եք, որ պատերազմի դաշտում հայտնված մարդիկ անվախ են:

Բայց իրականում այնտեղ վախենում են բոլորը, անվախ մարդ չկա:

Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ երբեմն մարդկանց թվում է, թե պատերազմի ընթացքը պետություններն են որոշում, մինչդեռ իրականում այն որոշում են անհատները՝ իրենց անձնազոհությամբ:

«Պատերազմի դաշտում հաղթում են գիտելիքներով զինված և մարտական ոգի ունեցող պետությունները»,- փաստեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Այնուհետև գեներալը պատմեց մարտական առաջադրանքների մասին, որոնք հաջողությամբ են իրականացվել՝ օրհասական պահին միավորվել կարողանալու շնորհիվ:

«Մեր ազգի մի շարք առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ խաղաղ պայմաններում մենք դժվարանում ենք հաշտ ու համերաշխ ապրել, բայց երբ մեր գոյությանը վտանգ է սպառնում, մենք միավորվում ենք ու հաղթում»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ պատերազմն օգնեց մեզ ավելի լավ ճանաչել Սփյուռքը:

Խոսելով արցախյան հիմնահարցից՝ գեներալ-մայորը նշեց, որ այն պետք է լուծվի՝ ըստ պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված միջազգային իրավունքի:

Հանդիպման վերջում Արցախի հերոսն ասաց, որ մեր հայրենիքում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ իր մասնագիտությունից բացի՝ ունի ևս մեկը՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը:

Ի դեպ, ԵՊՀ ՈւԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբն ապրիլի մեկից ԵՊՀ-ում կազմակերպելու է ադրբեջաներենի դասընթացներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել