Ի՞նչ տեղի կունենա, եթե տղամարդիկ իրենց աշխատանքային գործիքներով մտնեն խոհանոց և, օրինակ, փորձեն անել տարրական բաներ: Կամերային թատրոնի դերասանները փորձել են այդ ամենը պատկերացնել և ներկայացրել են մարտիության հումորային ֆոտոշարք: BlogNews.am-ի հետ զրույցում թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը նշել է, որ այս տոնին առանձնահատուկ են մոտենում:

«Մենք փորձում ենք հնարավորինս հետաքրքիր ֆոտոշարքեր անել, որպեսզի դերասաններին բեմից դուրս ներկայացնենք հանրությանը: Մարտի 8-ը բաց չենք թողնում և հետաքրքիր ձևով ենք նշում: Քանի որ մեր ֆոտոշարքերում գլխավոր հերոսները մեր աղջիկներն են, այս անգամ հակառակն է: Կանանց հաճելի է, երբ տղամարդիկ թեթևացնում են մեր հոգսը, բայց տղամարդիկ որոշակի իմաստով անճար են խոհանոցում և փորձում են ուժային տարբերակով լուծել չնչին խնդիրները: Այս ամենը մենք ներկայացրել ենք մեր ֆոտոշարքում»:

Կանանց շնորհավորելու են մեկ ամիս շարունակ հետաքրքիր գրառումներով, լուսանկարներով, իսկ երեկ այս առիթով կայացավ «Տղաները չափն անցնում են» նոր ներկայացման պրեմիերան. «Այս ներկայացումն ամբողջությամբ նվիրված է կանանց: Մենք մեր խաղացանկում ունեինք ներկայացում, որը կոչվում է «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»։ Այս ներկայացման ժամանակ աղջիկները, մեղմ ասած, տղաներին վատ իրավիճակի մեջ էին դնում, իսկ այս ներկայացմամբ տղաները որոշեցին պատասխան տալ, բայց չեն մոռացել գովաբանել նրանց: Ներկայացման մեջ խաղում են Սենիկ Բարսեղյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Մարկոսյանը»:  

Հարցին՝ իսկ ինչպե՞ս է Լուսինեի համար սկսվել օրը, նշում է. «Իրականում ես և Արշոն տոներին մի քիչ ավելի անտարբեր ենք վերաբերվում: Երկուսս էլ գնահատում ենք անակնալները ոչ տոն օրերին, ավելի անսպասելի, այլ ոչ թե որ պարտավորված ես և պետք է դա անես: Մեզ համար սա հասարակ օր է։ Իհարկե, շնորհավորանք ստացել եմ: Ավելի շատ սպասում եմ, որ պետք է շնորհավորենք Անդրանիկ Հարությունյանին, քանի որ նրա ծննդյան օրն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել