Անցյալ տարեվերջին Իսրայելում մեծ աղմուկ բարձրացրած «կեղծ դիպլոմների» խնդրի հետ կապված այդ երկրի առողջապահության նախարարությունը դեռևս հունվարի 21-ին տարածել էր բժշկական բուհերի շրջանավարտներին մասնագիտական աշխատանքի երաշխավորագիր տրամադրելու նոր, բավական խստացված սկզբունքները: Դրանց համաձայն՝ որակավորման քննությունների թույլտվություն տրվելու է միայն OECD-ի (The Organisation for Economic Co-operation and Development) երկրների բժշկական բուհերը կամ WFME-ի (World Federation for Medical Education) կողմից հավատարմագրված բժշկական հաստատություններին կից կրթօջախներում կրթություն ստացած քաղաքացիները: Ասել է, թե այսուհետ Իսրայելում չեն ճանաչվում նախկին ԽՍՀՄ պետությունների (բացառությամբ մերձբալթյան երկրները), Արևելյան Եվրոպայի և մի շարք արաբական երկրների բժշկական բուհերի դիպլոմները:
Վերոնշյալի համատեքստում Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն նախօրեին առողջապահության նախարարության որոշման վերաբերյալ բացատրություն ստանալու համար իր մոտ է հրավիրել Իսրայելի դեսպան Դավիդ Սարանգին: Հանդիպման ընթացքում իսրայելական կողմը տեղեկացվել է, որ Ռումինիայի բուհերի դեմ կիրառվող արգելքները կարող են իրենց բացասական ազդեցությունն ունենալ նաև երկու երկրների հարաբերությունների վրա:
Հարկ է հիշեցնել, որ «կեղծ դիպլոմների» գործով իսրայելական ոստիկանության իրականացրած գործողությունը, որը ստացել էր «սպանության արտոնագիր» կոդային անվանումը, ուղղված էր հայաստանյան բուհերի դիպլոմներ ստացած շուրջ 4 տասնյակ քաղաքացիների դեմ, և էական ազդեցություն է ունեցել դրանց միջազգային վարկանիշի վրա: