Panorama.am-ը գրում է․

Դիվանագետի օրվա առիթվ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։

Հարց. Շնորհակալություն, պարո՛ն նախարար, որ ընդառաջեցիք մեր հրավերին և մեզ հյուրընկալեցիք արտգործնախարարությունում: Շնորհավորում ենք Ձեզ մարտի 2-ի` հայ դիվանագետի օրվա կապակցությամբ: Եվ առաջին հարցս այսպես ձևակերպեմ․ մենք վերջին 28 տարվա դիվանագիտական պատմություն չունեցող ազգ ենք և պետություն, էլ չասած՝ վերջին 100 տարիների կտրվածքով, 3 հանրապետություններ և Առաջին հանրապետությունից սկսած մեր դիվանագիտական պատմությունը գնալով հարստացել, հասել է մինչև մեր օրեր: Այսօր մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ գլոբալացվող, արագ փոփոխվող աշխարհում: Հայ դիվանագետը ինչպե՞ս է կարողանում հասցնել համընթաց քայլել այդ մարտահրավերներին և ինչպե՞ս առանձնացնել ռիսկերը, ճիշտ հաշվարկել և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ: Բարի գալուստ արտաքին գործերի նախարարություն: Շնորհակալ եմ Ձեր բարեմաղթանքների համար: Սա նաև առիթ է, որպեսզի ես շնորհավորեմ իմ բոլոր գործընկերներին, արտաքին գործերի նախարարությունում աշխատող հարյուրավոր դիվանագետներին, որոնք այստեղ՝ Երևանում են կամ մեր դիվանագիտական առաքելություններում են աշխարհի տարբեր կետերում: Շատ ճիշտ եք ասում, 28 տարվա անկախության մեր պատմության մեջ արտաքին գործերի նախարարությունն այն ինստիտուտներից է, որը ձևավորվում և զարգանում է սուվերենության պայմաններում: Մենք ունենք բավական երկար պատմություն, մենք ունենք, ի դեպ, բավական հետաքրքիր կայք, որը տալիս է դիվանագիտության պատմությունը, և ես իսկապես քաջալերում եմ, որ մարդիկ այցելեն և տեսնեն, թե ինչպես է եղել Առաջին հանրապետության ժամանակ, ինչ շրջան է եղել Երկրորդ հանրապետության ժամանակ, երբ, բնական է, շատ ավելի նվազ է եղել արտաքին գերատեսչության գործառույթը, որովհետև մենք եղել ենք ավելի մեծ պետության մաս կենտրոնացված արտաքին քաղաքականություն իրականացնելու առումով, և վերջապես արդեն Երրորդ հանրապետության ձևավորումից հետո, անկախության հռչակումից հետո այն գերատեսչություններից մեկը, որը զարգանում է սուվերենության պայմաններում դա արտաքին գերատեսչությունն է:

Մարտի 2-ը մենք նշում ենք այն առումով, որ այդ օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ լիիրավ անդամ: Այսինքն այդ պահից էր, երբ մենք, դարձանք լիիրավ անդամ, սուվերեն պետություն: Այն ժամանակ ավելի քիչ էին անդամ պետությունները, քան այսօր, երբ մենք դարձանք այդ հավասար սուվերեն պետությունը. մեկ պետություն, մեկ ձայն իրավունքով դարձանք միջազգային հարաբերությունների մասնակից:

Եվ սկսեցինք շատ յուրահատուկ պայմաններում․ գիտեք՝ շատ փոքր նախարարությունով, առանց մեծ կարողությունների, առանց կուտակված փորձի սկսեցինք ոչ միայն իրականացնել արտաքին քաղաքականություն, այլ դրան զուգահեռ նաև զարգացնել կարողություններ: Եվ այդ առումով, գիտեք, այսօր կան դիվանագետներ, որոնք հիշում են այս ամբողջ ընթացքը, և կան դիվանագետներ, որոնք նոր են սկսել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ եթե համեմատենք, ապա նախկինում մենք ինքներս պետք է գործեինք և զուգահեռ սովորեինք: Այսօր արդեն ձևավորվել է ինստիտուցիոնալ հիշողություն: Եվ ինձ համար՝ որպես նախարար, և նաև նախարարության համար ամենակարևոր խնդիրն այս ծառայության մասնագիտական կարողությունները, պրոֆեսիոնալիզմը խորացնելն ու ամրապնդելն է, որովհետև սա դիվանագիտական ծառայություն է, սա աշխատանք է, որը պահանջում է հմտություններ, գիտելիքներ, կարողություն, ինստիտուցիոնալ ուժ: Ես չեմ կարող ընդունել, որ որպես մասնագիտական աշխատանք՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը տարբերվի որևէ այլ մասնագիտական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքից: Եղել է առիթ, երբ ասել եմ. «Դուք ինձ չէիք վստահի, եթե մի օր տեսնեիք բժշկի աթոռին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել