Amerikayidzayn.com-ը գրում է․

- Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք ընդհանուր հարցից. Այսօր ձեր կարծիքով որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները:

- Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ թեեւ այլեւս ԱՄՆ-ի կառավարությունում, Պետքարտուղարությունում չեմ աշխատում, սակայն հետեւում եմ ղարաբաղյան հակամարտությանը եւ հույս ունեմ մնալ խնդրի կարգավորման մասնակից: Հույսս, բոլորի հույսն այն է, որ կգտնվի տեւական կարգավորում, որը տարածաշրջանին խաղաղություն կբերի: Սակայն, տասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տեւական խաղաղությունը եւ դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից: Այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին: Անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տեւական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ:

- Հայաստանը նոր կառավարություն ունի: Բացարձակապես նոր, որն իշխանության է եկել հեղափոխությունից հետո: Նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միեւնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը:

- Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ (Սերժ - ԱՁ) Սարգսյանի հետ եւ ունեմ նրա եւ նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք: Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու եւ տեւական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:

- Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բաց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ:

- Ամեն ինչ սեւ եւ սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիեւի հետ եւ դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու եւ միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եւ իմ տպավորություններով նախագահ Ալիեւը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, եւ հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում: Եւ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու եւս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, եւ ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ: Հավատացած եմ, կա ավելի կարեւոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն եւ որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը, թեեւ դժվար հասանելի, անչափ կարեւոր է լինելու տարածաշրջանի համար: Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար:

- Հայաստանում երբեմն ընկալվում է այնպես, որ Հայաստանին առաջարկվում է բարգավաճում՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն: Արդյոք խոսքը դրա՞ մասին է:

- Անշուշտ ոչ: Կան բազմաթիվ գործոններ եւ յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: Եւ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել