Դեռ երեկ պիտի անդրադառնայի Արման Մուսինյանի գրածին, բայց հասկանալի պատճառներով չկարողացա:
Հարգելիս, նույնիսկ եթե «իրավիճակ է փոխվել», միևնույն է, պատմական փաստերն անփոփոխ են մնացել։ Ախր ո՞րը հիշացնեմ՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Ձեր առաջին կեղծած ընտրությունը, սեփական երկրի մայրաքաղաքում հրազենով ցուցարարների վրա կրակելը, քաղաք զրահամեքենաներ մտցնելը… Ու հեքիաթներ չպատմեք, թե այդպիսի բան չի եղել, փաստեր չկան։ Ես Բաղրամյան փողոցում եմ մեծացել, ու Ձեր այն ժամանակվա շինծու փաստերն ինձ համար համոզիչ չեն, երբ հիշում եմ, թե ոնց էի պատշգամբից նայում մթության մեջ երևացող կրակոցներին ու զրահամեքենաներին։ Հետո ի՞նչ, որ Ֆեյսբուք չկար, որ լայվ անեի։ Չնայած ինչ Ֆեյսբուք, լույս չկար, ոչ էլ առանձնապես հույս կար։
Ո՞նց կարելի է խոսել պետական արժեքներից և օգտագործել «էժան, ճոռոմ հայրենասիրություն» բառակապակցությունը։ Չե՞ք ամաչում արտագաղթից ու պանդխտությունից խոսելիս։ Չե՞ք հիշում ԱՄՆ դեսպանատան դիմացի հերթերը՝ ծանր, ճնշող, հուսահատեցնող… Հաստատ Դիսնեյլենդը տեսնելու համար չէին կանգնած ժամերով սպասում այդ մարդիկ։ Չնայած, որտեղի՞ց հիշեք։ Դուք այդ ժամանակ մի որևէ տաքուկ ու հավանաբար լուսավոր անկյունում նստած էիք։ Այ, ես շատ լավ եմ հիշում։
Իսկ ինչ վերաբերվում է հողին, ապա ես կարծում եմ, որ Ձեր դերակատարումը Հայաստանի պատմության մեջ չափազանց չնչին է եղել, ու կարծում եմ, որ դժվար էլ երբևէ այնքան կշիռ ստանա, որ իրավունք ունենաք գնահատելու, թե ժամանակին ով է հող ազատագրել (ազատագրել, ոչ թե գրավել․ սովորեք վերջապես այսքան տարվա մեջ այդ բառերի ճիշտ կիրառումը) ու ով՝ հանձնել։ Թե՞ Դուք էլ եք համարում, որ արդեն այնքան տեղ ունեք Հայաստանի պատմության մեջ, որ կարող եք հեղինակավոր կարծիք հայտնել, թե ով ինչ դերակատարում ունի Արցախյան շարժման մեջ։ Եթե այդպես է, մի հանձնաժողով էլ Դուք ստեղծեք. որտեղ մի այլընտրանքային օրհներգ, այնտեղ էլ՝ երկուսը, երեքը…
Եվ գուցե ես չանդրադառնայի քաղաքագիտական գրագետ դիսկուրսի այն բռնաբարմանը, որը Դուք անվանում եք պատասխան հայտարարություն, եթե այն հնչեցներ անփորձ քաղաքական գործիչ։ Այս ի՞նչ «չսափրված» հռետորիկա է, պարոն Մուսինյան։ Թրաշամանուկների փառքը հանգիստ չի՞ տալիս, և որոշել եք մի քանի լայք էլ Դուք փախցնե՞ք։ Չնայած վերջին շրջանում քաղաքական գրագետ դիսկուրսը Հայաստանում դաժանաբար սպանվել է, ու Ձեր հայտարարությունը բռնաբարություն չէ, դիակապտություն է։ Մի զբաղվեք դիակապտությամբ, պարոն Մուսինյան։ Մի խոսքով` դուք մակարդակի քննությունը չհանձնեցիք: