Նենց կուզեի՝ ընկերներիս մեջ մի պատմաբան-առասպելագետ լիներ ու մեկնաբաներ՝ արդյոք ես ճի՞շտ եմ ընկալել Հայկի ու Բելի պատմությունը: Իսկ ես հետևյալ կերպ եմ ընկալել. մ.թ. մի 4-5 հազար տարի առաջ մարդկությունը սովորում է ջուրը կառավարել: Իրիգացիայի առաջին համակարգերն են ծնվում: Դրա հետ ծնվում է գյուղատնտեսությունը, ինչն իր հերթին ծնում է կոլեկտիվիզմը, ինչն իր հերթին ծնում է կոլեկտիվը կառավարող հիերարխիան: Այդ ամենից ծնվում է քաղաքակրթությունը, որի գոյատևման համար նորանոր տարածքներ են պետք լինում: Հիերարխիան պահանջում է կարգապահություն, պարտաճանաչություն և նմանատիպ այլ բաներ: Նրանք, ովքեր կարողանում են բավարարել պահանջներին, դառնում են առաջին գյուղատնտեսները, բանվորներն ու զինվորները: Նրանք, ովքեր կարողանում են ապահովել այլոց կարգապահությունն ու պարտաճանաչությունը, դառնում են ղեկավար դասի մասնիկ:

Գյուղատնտեսության զարգացման հետ մեկտեղ զարգանում ու կոնսոլիդանում է տնտեսությունն առհասարակ: Կոնսոլիդացիայի վայրերում մեգապոլիսներ են ստեղծվում: Դրանցից մեկն էլ Բաբելոնն էր: Բաբելոնում կառուցվում է աշտարակ, որի «պրառաբը» Բելն է լինում, իսկ բանվորների շարքերում Հայկենք են լինում: Հայկենք մի պայծառ օր որոշում են յան տալ Բելից, քանի որ իրենց չի դզում ո՛չ կարգապահ լինելը, ո՛չ պարտաճանաչ լինելը, ոչ էլ կոլեկտիվիզմն առհասարակ: Խի՞ պիտի սաղ օրը չարչարվեն, տանջվեն, ինչ-որ աշտարակ սարքեն, մանավանդ որ կան ոմանք, ովքեր չեն չարչարվում, այլ կառավարում են այդ ամենը: Այս անարդարությունից դրդված՝ Հայկենք որոշում են վերադառնալ իրենց հին ու բարի որսորդությանն ու հավաքչությանը՝ հավատարիմ մնալով իրենց լիբերալ հայացքներին, որոնք հակասում էին կոլեկտիվիզմի ու սուբորդինացիայի գաղափարներին:

Ու էդ օրվանից Հայկի ժառանգները բարոյական հաղթանակներ են տանում ոսոխ Բելենց նկատմամբ՝ հետևողականորեն հրաժարվելով ընդունել սուբորդինացիայի ու կոլեկտիվիզմի կանոններն ու անդընդհատ փախչելով վրա հասնող քաղաքակրթությունից՝ ի դեմս իրիգացիայի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, կանոնավոր բանակի և այլն: Ու քանի որ քաղաքակրթությունն աճելով անընդհատ նորանոր տարածքներ է խժռում՝ Հայկի ժառանգները վերջապես հանգրվանում են աշխարհի ամենաանպիտան լեռների լանջերին: Լանջեր, որոնք ուրիշ ոչ մեկին պետք չեն ու, որ դուզը խոսանք, Հայկենց էլ առանձնապես չէին հրապուրում, պարզապես էլ ազատ տեղ չկար: Իսկ զբաղված տարածքներ գրավելու համար կռվել է պետք կանոնավոր, կարգապահ բանակի շարքերում, իսկ դա հակասում է որսորդի հոգեբանությանը:

Որսորդն ազատ ու էգոցենտրիկ մարդ է, իրենից պահանջվում է լինել ճարպիկ, խորամանկ, ավանտյուրիստ, ու դե, բուն որսի առարկան պիտի լինի: Այ, որսի առարկայի հետ Բելին «հաղթելուց» ի վեր պարբերաբար խնդիրներ են առաջանում․ դրանք վերջանալու հատկություն ունեն՝ կա՛մ վերջանալու, կամ էլ նադայել ըլնելու: Նադայել են լինում նրանից, որ ինչ-որ մեկը ճարպկության ու խորամանկության հաշվին անընդհատ խուսափում է մեջքը ծռելուց, չարչարվելուց, աշխատելուց: Նադայել են լինում ու կա՛մ իրենք են փախչում, կա՛մ Հայկենց վռնդում Բաբելոնից, Վանի ափերից, Կիլիկիայից, Թիֆլիսից, Բաքվից ու տենց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել