Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոչ լեգիտիմ նախագահ Արթուր Գևորգյանի անօրինական գործողությունները պարբերական են: Նախ՝ պետք է գիտակցել, որ պաշտոնապես այն պահից սկսած, երբ ԱԻԲԱ-ն՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան, անվավեր է ճանաչել ՀԲՖ նախագահի վերջին ընտրությունները, Արթուր Գևորգյանը չունի ոչ մի լիազորություն և գործառույթ, էլ չեմ ասում, որ չունի իրավունք պետական միջոցները՝ ֆեդերացիային հատկացվող, ուղղել ինչ-որ մրցաշարեր կազմակերպելու համար: Այդուհանդերձ, այս բոլորի վրայով անցնելով՝ Արթուր Գևորգյանը շարունակում է իր կողմնակալ գործունեությունն, ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի վերջին գրառումից ակնհայտ է դառնում, որ նա հերթական անգամ չարաշահել է պաշտոնական լիազորությունները՝ թույլ չտալով պետական միջոցներից սնվող մարզադպրոցին մասնակցել բռնցքամարտի 2019 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը: Այս կապակցությամբ էլ Գաբրիել Ղազարյանը հայտարարել է, որ, հաշվի առնելով այդ հանգամանքը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կվերանայի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագիրը, ինչը ենթադրում է, որ ՀԲՖ նախագահի գործողություններից դժգոհ են նաև նախարարությունում: Ստացվում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի գործողություններից դժգոհ են և անվանի բռնցքամարտիկներն ու մարզիչները և ԱԻԲԱ-ն ու Սպորտի նախարարությունը, մինչդեռ Արթուր Գևորգյանը շարունակում է պնդել, թե ինքը ոչ մի անօրինականություն չի իրականացրել: Մի խոսքով՝ ինչպես հասկանում եք, ՀԲՖ ոչ բարով նախագահը, ով բռնցքամարտի ապագան արդեն իսկ խիստ կասկածի տակ է դրել, ցայտոտնի մեջ է, օղակը նրա վզի շուրջ այն աստիճան է սեղմվել, որ այլ ելք չի մնում նրան, քան հրաժարական տալ: 

Հուսանք՝ միջազգային կառույցները ևս այս ամենին իրենց ակտիվ ներգրավվածությունը կցուցաբերեն, քանզի «կոնին» հայկական բռնցքամարտի ֆեդերացիան է, որը ինչ-որ մեկի ձեռքին սեփական ամբիցիաներն ու բիզնես պլանները մշակելու գործիքի է վերածվել:

Կից նյութը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել