Թուրքմենստանն ու Աֆղանստանը հետաքրքրված են Ադրբեջանի տարածքով տարանցիկ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելով: Այդ մասին նշված է Աֆղանստանի ու Թուրքմենստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ:
Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա` Lapis Lazuli տրանսպորտային միջանցքով աֆղանական առաջին ապրանքները կտեղափոխվեն հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է Աֆղանստանի արդյունաբերության նախարարությունը:
Նշվում է, որ կոնտեյներներով տեղափոխվելու են գորգեր և թանկարժեք քարեր, որոնք առաքվելու են Թուրքիա և Հոլանդիա:
Lapis Lazuli տրանսպորտային միջանցքն անցնելու է Աֆղանստանով, հետագայում թուրքմենական Թուրքմենբաշիի նավահանգստով ու Բաքվով ու երկաթգծային կապով դեպի Փոթի, Բաթումի և Թուրքիա:
Ադրբեջանը նավթ և գազ արտահանող երկրից դառնում է տարանցիկ միջանցք տարբեր կենտրոնների համար`Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մի կողմից, մյուս կողմից`Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և արդեն իսկ Աֆղանստանի համար:
Բաքուն միլիարդավոր դոլարներ ներդնելով լոգիստիկայի մեջ`Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, Ադրբեջան-Վրաստան միջպետական ճանապարհի վերանորոգում, Բաքվի մերձակայքում Ալյաթիի նոր բազմաֆունկցիոնալ նավահանգստի կառուցում և այլն, փորձում է տարանցման համար գումարներ ստանալ և դրանք ուղղել արդյունաբերության և այլ ճյուղերի զարգացման մեջ`հասկանալով, որ նավթի գների տատանումները ուժեղ ազդեցություն են ունենում այդ երկրի բյուջեի վրա:
Նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից `նավթային ասեղից Ադրբեջանը փորձում է իջնել շեշտը դնելով տրանսպորտային միջանցք`Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ուղղություններով վերածվելու վրա:
Մոտակա տասնամյակում Բաքվի համար առաջնային են լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը`ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղությամբ ապրանքների տարանցումը, Տրանսկասպյան միջանցքը`Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, Կենտրոնական Ասիա(Ուզբեքստան, Թուրքմենստան, Աֆղանստան)-Ադրբեջան-Կովկաս-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի անխափան աշխատանքի իրականացումն ու սեփական նավթագազային խողովակներով ղազախական, թուրքմենական գազի ու նավթի տարանցման իրականացումը դեպի Թուրքիա և ԵՄ: