Բաղադրամասեր`

Խմորի համար՝ 

ալյուր՝ 0,5 կգ

ձու՝ 1 հատ,

կաթ՝ 200 մլ,

կարագ՝ 50 գ,

աղ՝ 1 պտղունց,

Լցոնի համար՝

ընկույզ՝ 250 գ,

շաքարի փոշի՝ 250 գ,

դարչին՝ 0,5 թ/գ,

մեխակ

Օշարակը պատրաստելու համար՝   

շաքարավազ՝ 200 գ,

ջուր՝ 200 մլ, 

կիտրոնի հյութ՝ 1 ճ/գ,

Փախլավային քսելու համար՝ 

ձվի դեղնուց՝ 1 հատ,

ջուր՝ 1 թ/գ,

կարագ՝ 50 գ,

Անհրաժեշտ է նաև՝ 

կարագ՝ 100 գ

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար ալյուրի վրա ավելացնում ենք աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անց ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը: Խմորը 10 րոպե հունցում ենք․ պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա: Այնուհետև խմորը բաժանում ենք միանման մասերի և ծածկում սրբիչով: Այսքան բաղադրամասերով կարող եք խմորը բաժանել 15-20 մասի, մեծությունը՝ ըստ ցանկության։ Ստացված խմորներն օվալաձև բացում ենք, գրտնակում և շերտերին հալեցրած կարագ ենք քսում:

Լցոնը պատրաստելու համար ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս: Փաթաթում ենք շերտը ՝ խմորի ծայրերը ներս մտցնելով։ Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները:

Ձվի դեղնուցն ու 1 թ/գ ջուրը հարում ենք և քսում փախլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Փախլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:

Օշարակը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք՝ հովանա:

Փախլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել