Ilur.am-ը գրում է.
Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որեւէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։ Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում եւ ուշադրության էլ չեմ արժանացնում։ Միայն երբեմն, լրագրողների համառությանը չդիմանալով, հերքումներով հանդես է գալիս իմ գրասենյակի մամլո քարտուղարը։
Ի՞նչ պատճառով է, արդ, որ խախտելով իմ սովորությունը, այս անգամ որոշել եմ դրանց անդրադառնալ անձամբ։ Հավաստիացնում եմ՝ ո՛չ ամենեւին ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով։ Ուստի, մանր-մունր ցնդաբանությունները մի կողմ դնելով, կարեւոր եմ համարում հանրության ուշադրությունը հրավիրել միայն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների եւ նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող հետեւյալ պնդումների վրա։ Եւ այսպես.
1. Որպես աքսիոմատիկ ճշմարտություն է հրամցվում այն հորինվածքը, թե իբր Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակն է, իսկ ես՝ նրա կնքահայրը։ Կատարյալ անհեթեթություն. 90-ական թվականներից սկսած մինչեւ 2000-ականի կեսերը Փաշինյանը, որպես լրագրող, եղել է իմ ամենախիստ եւ անհաշտ քննադատներից մեկը։ 2006-ին «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադիր կազմում ընդգրկվելուց հետո նա դադարեցրել է այդ քննադատական վերաբերմունքը։ 2007-ին ընդգրկվել է 2008թ. նախագահական ընտրությունների իմ նախընտրական թիմում։ Հսկայական աշխատանք է կատարել քարոզարշավի ընթացքում, ինչը ակտիվորեն շարունակել է ընդհատակում եւ բանտարկության ժամանակ հրապարակած ծանրակշիռ հոդվածներով։ Նույնպիսի նվիրումով ու ջանադրությամբ մասնակցել է Հայ Ազգային Կոնգրես դաշինքի 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին եւ ընտրվել ԱԺ պատգամավոր նույնանուն խմբակցության կազմում։ 2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ եւ վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը։
2. Նիկոլ Փաշինյանը, իբրեւ-թե, ամեն երեկո զանգահարում է ինձ եւ խորհուրդներ հարցնում։ Նախ հիշեցնեմ, որ 2012թ. հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, ս. թ. հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Դրանից հետո վարչապետի հետ ես որեւէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որեւէ շփում չեմ ունեցել։ Սույն թեմայի առիթով ավելորդ չեմ համարում շեշտել նաեւ հետեւյալ երկու հանգամանքները. ա. ես ընդհանրապես խորհուրդ տալու սովորություն չունեմ, քանի որ համոզմունքս է, որ դրանից ավելի անիմաստ զբաղմունք գոյություն չունի։ Իսկ երբ խորհրդի համար որեւէ մեկը ինձ է դիմում, ես բավարարվում եմ պարզապես խնդրի վերաբերյալ կարծիք հայտնելով, ոչինչ ավելի, եւ բ. եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ եւ ինքնաբավ մարդու չեմ հանդիպել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ