Ադրբեջանը կեղծ տեղեկատվությամբ և նոր զենքեր ձեռք բերելու մասին հայտարարություններով փորձում է ազդել սեփական ժողովրդի վրա։
Խաղաղության մասին պատկերացումներ ունեցող որևէ անձ չի կարող ընդունել ադրբեջանական կողմի նման պահվածքը, երբ օր ու գիշեր թշնամու տեղեկատվական հարթակները սեփական ժողովրդին հրամցնում են նոր զենքերի, տարածքներ գրավելու և պատերազմի մասին տեղեկություններ, որոնց շնորհիվ փորձում են արթնացնել ժողովրդի մարտական ոգին ու սրել իրավիճակը։
Վերջին դեպքն ավելի տարօրինակ էր, չնայած նման դեպքեր շատ են գրանցվել, երբ թշնամին կեղծ տեղեկություն է հաղորդում առաջնագծի մասին։ Կոնկրետ այս դեպքում հայտարարվել է, որ ադրբեջանական բանակը հայկական անօդաչու թռչող սարք է խոցել։ Լուրը հերքվեց Արցախի ՊԲ-ի կողմից։
Բայց սա ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է։ Ադրբեջանական կողմը դեռ շարունակելու է նմանատիպ գործողություններով ազդել թե ժողովուրդների և թե առաջնագծի վրա։
Ամենակարևորը այս ամենի մեջ այն է, որ մեր առաջնագիծը պահող զինծառայողները ցանկացած պահի կարողանում են միանգամից տիրապետել իրավիճակին ու թույլ չեն տալիս՝ թշնամու նպատակները կյանքի կոչվեն։
Իսկ ՊԲ հերքման տեքստը մի շատ գեղեցիկ նախադասություն էր պարունակում իր մեջ. «Եվ վերջում՝ մի հիշեցում. Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորություններն անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առ այսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»։