Նյու Յորք կատարած հնգօրյա ոչ պաշտոնական այցից հետո Մեգան Մարքլը վերադարձել է Մեծ Բրիտանիա: Դքսուհին մեկնել էր Նահանգներ՝ ընկերուհիներին հանդիպելու և ապագա երեխայի պատվին կազմակերպված երեկույթին մասնակցելու համար:
ԱՄՆ-ում նման տոն կազմակերպվում է երեխայի ծննդից մի քանի ամիս առաջ և կոչվում է Baby Shower: Երեկույթը տեղի է ունեցել Նյու Յորքի The Mark հյուրանոցում: Տոնական խնջույքին մասնակցել են Մեգանի ընկերուհիները՝ Ամալ Քլունին՝ վառ կարմիր կոմբինեզոնով, Աբիգեյլ Սփենսերը, Սերենա Ուիլյամսը, դիզայներ Միշա Նոնուն, դիմահարդար Դենիել Մարտինը, Ջեսիկա Մալրունին և ուրիշներ:

Համացանցում հայտնվել են որոշ լուսանկարներ և երեկույթի վերաբերյալ մանրամասներ: Հյուրերը ժամանել են հյուրանոց գեղեցիկ փաթեթավորված մեծ տուփերով: Ավելի ուշ Մեգանի պարանոցին Jen Meyer ապրանքանիշի «Mommy» վզնոց են նկատել:
Բրիտանական լրատվամիջոցները հաշվարկել են, որ Մարքլի հնգօրյա ճամփորդությունը կես միլիոն դոլար է արժեցել:






