Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ, յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց մայր հայրենիքի և Արցախի ճակատագրում։
31 տարի առաջ այս օրերին, դպրոցի դասերը թողած, ընկերներով գնում էինք Ստեփանակերտի կենտրոնում կազմակերպվող բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցելու: Պատանեկան միամտությամբ հավատում էինք, որ ժողովրդի ձայնը լսելի կդառնա, և Արցախը կվերամիավորվի Մայր Հայաստանին՝ իրագործելով մեր բոլորիս երազանքը: Բայց ընդամենը շաբաթներ անց հասկացանք, որ այս հիմնախնդրի լուծման միակ և պարտադրված ճանապարհը զինված պայքարն է…
31 տարի անց վիճակը, ցավոք, չի փոխվել, և այս գիտակցումը հավանաբար դեռ երկար տարիներ մեզ չի լքելու: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, որ առկա է Արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակից հետո, բնավ չպետք է ստվերի մեր նախորդների ձեռքբերումը։ Շարժումը հաղթանակել ենք, և սա կատարված փաստ է, իսկ շարունակությունն արդեն մեր և մեզնից հետո եկող սերունդների պայքարի ու հաղթանակի տարեգրությունը պիտի կազմի։
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ: Համոզված եմ՝ այն ձեռքբերումները, որոնք թանկ գնով արձանագրել ենք այս տարիների ընթացքում, կարդարացնենք ուժեղ, զարգացած և միասնական հայրենիքի կերտմամբ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/289057885124925/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել