ՉԿԱ ՈՉԻՆՉ ԱՆՀՆԱՐ...

Մեր երկրի վերջին 17-18 տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը կարծես թե լուծում չունեն մեր իրականության համար: Ժողովրդի պատմական անցյալով և հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բացասական դրսևորումների հանրագումարային ազդեցությունը հետզհետե աղավաղում է հանրային կյանքի նորանոր ոլորտներ, մարդը դառնում է էլ ավելի անպաշտպան, բարոյահոգեբանական վիճակը դառնում է առավել աղետալի: Այս ամենը շատերին դրդում է խոր անհուսության, և հաճախ կարելի է լսել «ելք չկա» արտահատությունը:
Ելք, իսկապես, չկա, բայց դասական քաղաքագիտության տիրույթներում: 
Ոչ ստանդարտ մեր իրողության լուծումը ևս ոչ ստանդարտ է: Այն գտնվում է բոլորովին այլ հարթության մեջ, դրան հասնելու համար այլ որակի (հմտությունների ունակ) Որոնողներ են հարկավոր:
Այդ լուծմանը հասու լինելու համար նախևառաջ հարկավոր է գիտակցել, որ մարդը պարզ սոցիալական էակ չէ, նա Աստծո ստեղծած բարդ էակ է և ազդման-ընկալման հայտնի օջախներից զատ ունի այլ օջախներ ևս: Ապա հարկավոր է բավարար պատկերացում ունենալ այդ օջախների և դրանց վրա ազդելու մեխանիզմների մասին: Եվ ամենակարևորը` հարկավոր է գիտակցել, որ մարդը Տիեզերքի կենտրոնը չէ ամենևին, նրանից դուրս կան աներևույթ ուժեր, որոնք էլ կառավարում են Տիեզերքը, որոշում մարդու, ազգի, երկրի ճակատագիրը: Պատմությանը հայտնի բոլոր խոշոր անհատները, մեծ վերելք ապրած բոլոր ազգերն ունեցել են այդ ուժերի աջակցությունը: Իսկ այդ աջակցությունը վաստակելու համար հարկավոր է ունենալ այդ ուժերին ընդունելի նպատակներ և սեփական վարքով նվաճել նրանց համակրանքը:
Գրքի հետագա շարադրանքն ընկալելի դարձնելու համար անհրաժեշտ հակիրճ այս մուտքից հետո անցնենք հանրային գիտակցության արմատական փոփոխության մի փորձի ներկայացմանը, որն իմանալը մեծապես կօգնի հաղթահարել մեզանում տիրող անհուսությունը և դուրս գալ իրատեսական ելքի շավիղը:

Ա. Պեպանյան, «Կոնսերվատիվ հեղափոխություն», Երևան, 2007թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել