Armtimes.com-ը գրում է.
Մի հատ ուղղակի գնացեք եւ տեսեք՝ ինչեր են կատարվում հարկային եւ մաքսային մարմիններում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ` մտքերի փոխանակության ժամին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Պարոն վարչապետ, ինչ խոսք, կառավարության ծրագիրը ներկայացրեցիք շատ էմոցիոնալ, քաղաքական` գրեթե հանրահավաքներում ձեր ելույթների պես: Բայց այդ էմոցիայից բացի առարկայական ոչինչ մենք չստացանք:
Ասում եք՝ կարեւոր է պաշտոնատար անձանց վարքագծի փոփոխությունը, բայց բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին մոտ նախագիծ: Դուք անցած տարի խստագույնս քննադատում էիք այդ ծրագիրը՝ անվանելով այն կենաց: Հնչեցված հարցերին, մտահոգություններին տալիս եք նույնքան խուսանավող, երբեմն նաեւ հեգնանքով եւ արհամարհանքով ու մուննաթով համեմված պատասխաններ:
Խոսում էիք սուպերվարչապետական համակարգի վերացման մասին, հիմա ասում եք՝ այո, պետք է վերացնել, բայց հետո: Ու սրան զուգահեռ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմիններ, ՊԵԿ-ը կառավարության ենթակա մարմին, դա մեզ քիչ էր, հիմա էլ սփյուռքի նախարարությունը լուծարվում է, փոխարենը ստեղծվում է վարչապետին առընթեր հանձնակատարի ինստիտուտ` էլ ավելի խորացնելով սուպերվարչապետական համակարգը:
Մեկ տարի առաջ նշում էիք, թե որքան կարեւոր է պատերազմող եւ շրջափակման մեջ գտնվող երկրի համար ազգային ավիափոխադրող ունենալը: Այսօր կառավարության օրակարգում ասում եք՝ չկա նման հարց, դե միջոց կլինի, կանենք, չի լինի, չենք անի: Այդպես չի լինում:
Խոսում ենք պարենային անվտանգության մասին, բայց գյուղատնտեսական ոլորտի տեսլական չկա ծրագրում: Այդ մասին հարց ենք տալիս, ասում եք՝ պատգամավորի մասին էլ չկա, բայց հո մանդատը չեք դնելու, աշխատելու եք: Փաստորեն, ուղերձ ենք տալիս գյուղացուն, որ գնացեք, աշխատեք, ապահովեք երկրի պարենային անվտանգությունը եւ կառավարության վրա ոչ մի հույս մի դրեք:
Ասում եք՝ կոռուպցիան վերացել է, բայց մենք ունենք Հարկային օրենսգիրք եւ մաքսային ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ ստեղծված են եղել կոռուպցիա ապահովելու համար: Մի հատ ուղղակի գնացեք եւ տեսեք՝ ինչեր են կատարվում հարկային եւ մաքսային մարմիններում:
Զինծառայողները տասնամյակներով հերթ են կանգնում բնակարանների համար: Լինում են դեպքեր, որ մահանում են՝ այդպես էլ այդ բնակարանները չստանալով: Ասում եք՝ զինծառայողների համար հիպոտեկային լավ ծրագիր է մշակվում, բայց այդ մարդիկ չեն ուզում հիպոտեկ, այդ մարդիկ ասում են՝ մենք զինծառայող ենք, հիպոտեկ ստացանք, հետո զոհվեցինք կամ հաշմանդամ դարձանք` Աստված հեռու պահի, ո՞վ է այդ գումարները վճարելու, ո՞վ է պատասխանատվություն կրելու»,- ասաց Գորգիսյանը: