Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը նվիրված բաժնում Արցախի՝ բանակցային գործընթացի լիարժեք մասնակցությունն ապահովելու մասին դրույթը բացակայում է: Դրա փոխարեն խոսվում է այն մասին, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը ծրագրում է բանակցել այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ ՀՀ վարչապետը բանակցելու մանդատ չի ստացել արցախահայությունից: Արցախի՝ բանակցությունների լիիրավ կողմ լինելու անհրաժեշտության վերաբերյալ մինչ այժմ հնչեցվող պնդումերը վերոհիշյալ ծրագրում նենգափոխվել են ու վերաշարադրվել հետևյալ կերպ. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Փաստորեն, այսպիսով Հայաստանի կառավարության կողմից հատուկ ընդգծված է, որ բանակցային գործընթացն ու «հանգուցալուծման» գործընթացը տարբեր բաներ են, և Արցախը միայն երկրորդին է մասնակցելու... Միգուցե...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: