168.am-ը գրում է.

Հայտնի է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցով՝ հայտնի մարիխուանայի պատմության գործով դատական առաջին նիստի օրը: Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14- ին կքննվի փոխվարչապետի հայցն ընդդեմ Politik.am կայքէջի խմբագիր Բորիզ Մուրազիի:

Բարձրաստիճան պաշտոնյան դատարանից պահանջել է հերքել իր անձի վերաբերյալ զրպարտություն համարվող՝ կայքի հրապարակած տեղեկատվությունը և փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը: Փոխվարչապետը 2 միլիոն դրամ է պահանջել լրատվամիջոցից: Դատարանում վիճարկման ենթակա Politik.am-ի հրապարակման մեջ նշվում էր, որ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Ըստ աղբյուրի` միջադեպի մասին իմացել է նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել»,- գրել էր աղբյուրը։

Նշենք, որ պաշտոնյան հրապարակմանը հերքում չէր պահանջել, փոխարենը՝ միանգամից դիմել էր ծայրահեղ քայլին՝ լրատվամիջոցի դեմ հայցով մտել էր դատարան: Իսկ ինչո՞ւ լրատվամիջոցը, մինչ տեղեկատվությունը հրապարակելը, չէր ստուգել դրա իսկությունը, հարցրեցինք մեր գործընկերոջը:

«Նյութի հրապարակման մասով ինձ հետ կապվեց միջնորդ հանդիսացող մեկը, բայց հետագայում պարզ դարձավ, որ նա չի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համաձայնությունը: Իրականում հենց այդ զանգն էլ ինձ ստիպեց չսպասել կառավարություն ուղարկված հարցման պատասխանին և հրապարակել մեր ունեցած տեղեկատվությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կայքի խմբագիր Բորիս Մուրազին:

Լրատվամիջոցի խմբագիր Բորիս Մուրազին ծանուցումը ստացել է և ասաց, որ Սուրբ Վալենտինի տոնին սիրո և հեղափոխության տրամադրությամբ կներկայանա դատարան: Խմբագիրը հայտնեց նաև, որ լրատվամիջոցի իրավունքները դատարանում կներկայացնի շահերի պաշտպանը և տրամադրված է մինչև վերջ ապացուցել հրապարակման մեջ նշվածի ճշմարտացիությունը:

Ճի՞շտ է արդյոք, որ մինչև դատական նիստի նշանակումը՝ հայցվոր կողմը բանագնացի միջոցով հաշտության եզրեր է փնտրել իր հետ, հարցրեցինք կայքի խմբագրին, սակայն պատասխանը խուսափողական էր։ Զիջման գնալու մասով լրատվամիջոցի խմբագրի տրամադրվածությունը կատեգորիկ չէ, բայց նա հաշտության կգնա միայն դատարանում:

«Կոմպրոմիսի գնալու քայլ, կարծում եմ, միայն դատարանում կարող է լինել, եթե դատարանն առաջարկի հաշտություն: Առաջին նիստին պարզ կդառնա, թե գործն ինչ ընթացք է ստանալու»,- նշեց Բորիս Մուրազին:

Հիշեցնենք, Բորիս Մուրազին հանդիսանում է Politik.am կայքի հիմնադիր խմբագիրը և «Սինջար» հ/կ նախագահը:

Կայքը մեկ այլ հրապարակման մասով ևս հայտնվել է դատական գործընթացում` ընդ որում, դարձյալ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի մասին հրապարակման հետքերով: Երկրորդ դատական հայցի պահանջատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Պապիկյանն է, ում մասին հրապարակված հոդվածի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին սեփական քարոզարշավի համար Կառավարության պաշտոնյան ֆինանսական աջակցություն է ստացել քրեական հեղինակություն համարվող զեյթունցի թաղային հեղինակություն «Տու» մականունով Արթուր Ղազարյանից: Ի դեպ, այս հրապարակումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հրամանով խորհրդականն ազատվել էր պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել