Armtimes.com-ը գրում է.

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում այցելել է «Շարիտե» համալսարանական կլինիկա եւ հանդիպել Մանկական ուռուցքաբանության եւ հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպմանը տիկին Էգերթը ներկայացրել է կլինիկայի գործունեությունն ու իրենց հաջող փորձը մանկական ուռուցքաբանության խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Աննա Հակոբյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացնում է Հայաստանը մանկական ուռուցքաբանության ոլորտում, ինչպես նաեւ պատմել «City of smile» բարեգործական հիմնադրամի գործունեության, նպատակների ու իրականացված աշխատանքների մասին: Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերն ակտիվացնելու եւ փոխգործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

«Շարիտե»-ն Բեռլինի ամենահին հիվանդանոցն է, որը վերակառուցվել է 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցներից մեկն է, մանկական ուռուցքաբանության բժշկական ծառայություններ տրամադրող միակ խոշոր կլինիկան: 270,000 քկմ-ի վրա տեղակայված են կլինիկայի 57 առանձին շինությունները, 17 բաժանմունքներով, որտեղ միաժամանակ կարող է բուժվել 2000 հիվանդ: Բժշկական անձնակազմը կազմում է 10.400 մասնագետ: Այս կլինիկայում անցկացվում են հետազոտություններ, իրականացվում է հիվանդների բուժում, մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Նոբելյան կրթաթոշակի շահառուների ավելի քան կեսը, բժշկության եւ հոգեբանության տարբեր ոլորտներում, կլինիկայում են իրականացնում իրենց հետազոտությունները:

2014 թվականից հիվանադանոցում նաեւ ռոբոտների կողմից են վիրահատություններ իրականացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել