ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են մարտի դաշտում հաղթել հայերին: Մնացականյանն ասել է, որ ցավում է Ալիևի ռազմական հռետորաբանության համար։ Նախարարը նաև ավելացրել է, որ մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու: Նախարար Մնացականյանի խոսքերով՝ հռետորաբանությունից վճռականությունը չի աճում, Հայաստանն էլ կարող է հռետորաբանություն օգտագործել:
Այս հայտարարությունից մեկ օր անց արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարությունից պատասխանեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Շեհիդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը հանդիսանում է պետության պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- հայտարարել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Սակայն Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ևս մեկ անպատասխան մնացած հարց ունի: Այս անգամ հարցը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բաքուն հատուկ հայտարարությամբ արձագանքել է Հայաստանի վարչապետին, ով երեկ բացառել էր, որ իր կառավարությունը կարող է քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Արցախից: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Փաստացի, մեր և հարևան թշնամի երկրի ղեկավարությունը միմյանց հետ բանակցելու արդյունքում դեռ մնացել են անհասկանալի հարցերի մեջ, որոնք բանակցության հիմնական կետերն են, բայց պարզվում է՝ այդ հանդիպումների ընթացքում դրանք այդպես էլ անհասկանալի են մնում: Համենայն դեպս, պաշտոնական հայտարարությունները դրա մասին են վկայում:
ՀՀ ԱԳՆ-ն զարմանում է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունից: ԱՀ ԱԳՆ-ն զարմանում է Հայաստանի ղեկավարի հայտարարությունից: Հիմա մնաց՝ հասկանանք, թե ԱԳ նախարարների մակարդակով և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ պաշտոնյաներն ինչ են քննարկում այդքան: