Որպես իր գործի մասնագետ՝ Վլադիմիր Կարապետյանի հանդեպ հավակնությունները ճիշտ չեն լինի․ ասում են, որ ԱԳՆ-ում նա վատ չի աշխատել: Բայց որպես քաղաքական կերպար՝ անընդունելի, անթույլատրելի է, նշանակում է, որ ապտակ է հասարակությանը: Այն հասարակությանն ու ժողովրդին, որ հեղափոխություն արեց և ներկայիս իշխանությանն իշխանություն դարձրեց:
Վլադիմիր Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միացած այն դիվանագետներից էր, որ հանուն իր սկզբունքների միացավ Տեր-Պետրոսյանին և Քոչարյանի ու Օսկանյանի հրամանով հեռացվեց ԱԳ համակարգից:
Բայց այստեղ կարևորը ոչ թե նախկին ռեժիմի զոհ լինելու հանգամանքն է, այլ գաղափարական պատկանելությունը: Միանալով Հայ ազգային կոնգրեսին՝ Կարապետյանը դարձավ Տեր-Պետրոսյանի ամենամոլի, ամենանվիրված և ամենակատաղի հետևորդներից ու գաղափարակիցներից մեկը: Մինչ այսօր Կարապետյանը շարունակում է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանի գրեթե բոլոր գաղափարների՝ հատկապես տարածքներ (փոխ)զիջելու, Ադրբեջանի հետ բարի հարաբերություններ հաստատելու, հայ-թուրքական անցյալը երկրորդ պլան մղելու և այլ գաղափարների անկոտրում կրողը, նվիրյալն ու պաշտպանը:
Հանձնարարել նման ակնհայտորեն տերպետրոսյանական գաղափարների մոլի դրոշակակրին պաշտոնապես ներկայացնել վարչապետին և կառավարությանն արդեն նշանակում է, որ նոր իշխանությունում ոչ միայն չեն քաշվում տերպետրոսյանական գաղափարների հետ հանկարծ ասոցացվելուց, այլև արդեն բացահայտորեն պատրաստ են դրանց ամենակարկառուն ներկայացուցիչներին տեղ տալ պետական բարձր պաշտոններում: Սա մեծագույն հարված է այն հեղափոխությանը, որ նախևառաջ պատկանում է ժողովրդին: Այս նշանակումն արդեն բացահայտ և անթաքույց ազդակ է այն մասին, որ իշխանությունում չեն խուսափում տերպետրոսյանական թևի հետ ուժեղ ասոցացումներից, չեն կաշկանդվում այդ հանգամանքով և համարում են, որ առաջին նախագահի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցչին կառավարությունում պաշտոն տալը խնդրահարույց չէ իրենց համար:
Սա ստվեր է գցում մեր բոլորի կատարած հեղափոխության, իրականում՝ իշխանափոխության վրա: Սա լուրջ խնդիր է: Վլադիմիր Կարապետյանի նշանակումը քաղաքական առումով անընդունելի, անթույլատրելի և ժողովրդի կարծիքին հակասող նշանակում է:
Այս գիծն իրոք սկսում է տագնապ հարուցել:
Կից նյութն՝ այստեղ։