Yerevan.today-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների կողմից առատաձեռն ինքնապարգևատրումների առաջացրած դժգոհությունը միանգամայն հասկանալի է և արդարացված։ Մարդիկ, որոնք իշխանություն են եկել «թալանի» և «կոռուպցիայի» մասին անդադար խոսելով, այժմ չեն խորշում պետական և համայնքային բյուջեից խոշոր գումարներ վերցնել՝ անվանելով դա «պարգևատրում», ինչն առանց երկմտելու արդարացնում է նաև վարչապետը։ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունը նույնպես զերծ չի մնացել այդ գործընթացից։ Նրանց ստացած պարգևատրման չափը Հայկ Մարությանը հրապարակեց միայն հանրության ճնշման ներքո՝ ի տարբերություն Տարոն Մարգարյանի, ով անմիջապես էր հրապարակում դա։
Ներկայացնենք, թե ինչպիսի՞ն է եղել 2017 թ․-ի դեկտեմբերյան պարգևատրումը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների համար կամ ինչպես ընդունված է ասել «13-րդ աշխատավարձը» և ինչպիսի՞ն է եղել 2018 թ․-ինը (ներառյալ հարկերը)․
Ինչպես տեսնում ենք, «թավշյա» քաղաքային իշխանության վերնախավի պարգևատրումների չափն ավելի քան կրկնակի գերազանցում է «կոռումպացված» նախկին քաղաքային իշխանության ղեկավարների պարգևատրման չափին։
Ընդ որում, հիշեցնենք, որ վերոնշյալ պաշտոնյաները ընդամենը 2-3 ամիս է ինչ պաշտոնավարում են, և առնվազն իրենց բարոյական իրավունք չպետք է վերապահեին, այսպես կոչված՝ 13-րդ աշխատավարձ ստանալ։
Հայկ Մարությանը երկու հանգամանք է նշում․
- պարգևատրման ֆոնդը սահմանված է եղել 2018թ․-ի բյուջեով
- ինքը պարգևատրում չի ստացել։
Առաջինը՝ պարգևատրման ֆոնդը նախորդ տարվա բյուջեով սահմանված լինելը չի նշանակում, որ նախորդ քաղաքապետն է որոշել կրկնակի կամ եռակի ավելի պարգևատրել քաղաքապետի ներկա տեղակալներին և գլխավոր ճարտարապետին։ Նոր քաղաքապետը կարող էր պարգևատրել նույն չափով՝ ինչ նախորդ տարի։
Երկրորդը՝ ինքն իրեն չպարգևատրելը հերոսություն չէ։
Հիշեցնենք՝ նոր քաղաքային իշխանության կողմից տարեվերջին երկու խոշոր գնումներ են կատարվել առանց մրցույթի՝ 85 մլն դրամ արժողությամբ տոնածառը և 414 մլն դրամ արժողությամբ ինը «Կամազ» մեքենաները։ Միանշանակ է, որ նման խոշոր գնումներ առանց մրցույթի կատարելու պարագայում մեծագույն կոռուպցիոն ռիսկ կա և եթե նման բան տեղի ունենար նախորդ իշխանության ժամանակ, ապա այդ մասին օրուգիշեր լրատվամիջոցներս կխոսեինք։ Այժմ լրացնենք այդ բացը՝ որոշ տվյալներ ներկայացնելով։
Թե որքա՞ն գումար կարելի էր «աշխատել» միայն «Կամազ» մեքենաների առանց մրցույթի գնման արդյունքում, կարելի է եզրակացնել այդ մեքենաների արժեքն իմանալով՝ ընկերության պաշտոնական կայքից և այլ աղբյուներից։ Արտանետումները կրճատող «5 եվրո» շարժիչներ ունեցող «Կամազ»-ների գինը տատանվում է 2,5 - 5 մլն ռուբլի միջակայքում՝ կախված մեքենայի այս կամ այն հատկությունն ունենալու հետ։ Եթե ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել ամենաթանկարժեք մեքենաները, ապա անգամ այդ դեպքում 9 նման մեքենան պարզապես չէր կարող արժենալ 414 մլն դրամ։ Այնուհետև, 9 մեքենա գնելու դեպքում արտադրող ընկերության կողմից նվազագույնը 10 տոկոս զեղչ է տրամադրվում։ Այսինքն, մոտ 4,5 մլն ռուբլի արժողությամբ մեկ մեքենան կարող է արժենալ մոտ 31 մլն դրամ, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբեր ամսին ռուսական ռուբլին արժեզրկվել էր մինչև 6,95 դրամի 1 ռուբլու դիմաց, իսկ մեծածախ գնման դեպքում այն ավելի էժան էր։ Այսինքն, 9 «Կամազ»-ների ձեռք բերման առավելագույն գինը չպետք է գերազանցեր 280 մլն դրամը։ Ի՞նչ եղավ 414 մլն դրամի և 280 մլն դրամի տարբերությունը։
Այնպես որ բարձրաստիճան պաշտոնյաների առատաձեռն պարգևատրումները կարող են սառցաբեկորի միայն փոքր՝ երևացող մասը լինել ․․․
Արա Մարտիրոսյան