Ողջույն քաղաքական թոհուբոհից հոգնած ու ընտրությունների օրվան սրտատրոփ սպասող բլոգասեր հայ հասարակություն: Առաջարկում եմ միասին ամփոփել բլոգոլորտի անցնող շաբաթն ու առանձնացնել շաբաթվա ընթացքում առավել աչքի ընկած դեպքերն ու դեմքերը:

 2012թ.-ի Աժ ընտրություններին հաշված օրեր են մնում, իսկ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու անհատները կարծես թե իրար հերթ չեն տալիս սեփական գովազդային արշավն ըստ արժանվույն ծավալելու և որքան հնարավոր է շատ ընտրող իրենցով անելու համար: Շաբաթվա հենց առաջին օրը կուսակցությունները մեկը մյուսի հետևից ներկայացրին իրենց գովազդային հոլովակները: Բլոգոլորտի կուսակցականացված հատվածը անմիջապես սազը ձեռքն առավ ու սկսեց գովերգել իր կուսակցության հոլովակը՝ միաժամանակ չմոռանալով նսեմացնել մրցակիցների արտադրանքը: Սկսվեցին համատարած share-ները, like-երը ու կուսակցությունների լոգոտիպների վրա թագադրումները: Բոլորն էլ ջանացել էին լավ հանդես գալ, բայց արի ու տես, ոչ բոլորի մոտ էր դա ստացվել: Որպես ընդհանրացում ներկայացնեմ բլոգեր Anas lench-ի դիտարկումներն այս թեմայով. «Րաֆֆին շշեց, Ժառանգությունը միանշանակ առաջինն էր այսօր /մենք գնում ենք... դուք գալի՞ս եք/: Բարգավաճը հիասթափեցրեց, փիառշիկները նաղդ փողը կերել էին, եթե Ծառուկյանը էսօր նայել ա թիվի, երևի թե առյուծները պիտի էս իրիկուն սոված մնացած չլինեն: Հաճելիորեն զարմացած եմ կոմունիստների վրա, չէի սպասում: Դաշնակները էս անգամ աչքիս վաբշե հավես չունեն ընտրարշավի. Վահան Հովհաննիսյանին երևի մենակ ինքը լսեց, անկեղծ ասած չհասկացա՝ ինչ էր ուզում ասեր: ՀՀԿ-ն լավն էր, ՀԱԿ-ն էլ վատը չէր: Օրինաց երկրի բլոկը աշխատող էր, վերաբերմունքը կապ չունի, մոտեցումը աշխատող էր»:

 
Ինչպես պարզվեց ոչ բոլորն էին տարված ընտրություններով: Ֆեյսբուքի առաջ աչք քոռացնող հայերիս մտազբաղ վիճակից օգտվել փորձեց մեր հին ու լավ բարեկամ Գեորգի Վանյանը՝ ընկերական շրջանակներում հայտնի որպես խաղաղարար Գեորգի: Ֆեյսբուքցիների կողմից արձագանք ստացվեց. Երկուշաբթի առավոտյան քաղաքացի Վանյանը փորձ է կատարել Երևանից 126 կմ հեռավորության վրա՝ Գյումրի քաղաքի  «Ասպարեզ» ակումբում Ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել: Ֆեյսբուքի օպերատիվ խումբն անմիջապես շտապեց դեպքի վայր և բառիս բուն իմաստով կայֆալոմ արեց ադրբեջանական կինոմատոգրաֆիայի սիրահարին: Սկզբում Վանյանին շրջապատեցին, ապա բոքսից բավական հեռու մի երիտասարդ փորձեց նրան աջ հուկով տապալել գետնին: Հարվածը շեղ էր, իսկ Վանյանը մինչև հոգու խորքը վիրավորված: Համացանցում աննկարագրելի աժիոտաշ սկսվեց: Վանյանի մայրիկի հետ կենակցելու ցանկություն հայտնողները չափից շատ էին: Վանյանին Գյումրիից վռնդեցին, բայց արի ու տես սեփական անառակ որդու նկատմամբ նման վերաբերմունքը ոչ բոլորի սրտով էր: Բլոգոլորտի բնակիչների մի մասը նման վերաբերմունքը վայրագություն որակեց: Վերջիններիս թվում էր քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Երբ Ոսկե Ծիրանը թուրքական և ադրբեջանական ֆիլմեր է ցուցադրում և նույնիսկ մրցանակներ տալիս, ոչ մի «հայրենասեր» վրա չի տալիս, իսկ երբ Գեորգի Վանյանն էր փորձում նույնն անել, քիչ էր մնում վերջինիս խարույկի վրա այրեին: Վանյանն աչքիս լույսը չի, բայց ընտրովի հայրենազեղումը իսկականից զզվելի է»:

Շաբաթվա հաջորդ աստղը, իր դեղին սաղավարտով Քյարթագենի սափրագլուխներին մարտահրավեր նետած կինոռեժիսոր Տիգրան խզմալյանն էր: Բնապահպանության մեջ իրեն վերագտած կինոռեժիսորն այս օրերին իսկական կենաց մահու պայքար էր մղում իշխանությունների դեմ: Էլ գետիններին պառկեց, էլ ոստիկանության հետ քաշքշուկի բռվեց… Բայց ի՞նչը կհաղթեր քաջ հերոսին, եթե ոչ կինն ու գինին: Շաբաթվա ընթացքում անակնկալ պարզվեց, որ Խզմալյանի կինն ընդգրկված է ոչ ավել ոչ պակաս ՀՀԿ նախընտրական ցուցակում: Ինֆորմացիայի ջրի երես դուրս գալուն պես Խզմալյանի խզմայլված դեմքը կտրուկ կնճռոտվեց, իսկ մեղադարական տոնը սահուն փոխակերպվեց պաշտպանվողականի: Ցավոք հին ու բարի կրուտիտը Խզմալյանի վիճակը թեթևացնել չկարողացավ և ոչ ոք չհավատաց կինոռեժիսորի այն պնդումներին, որ կնոջ՝ ցուցակում ընդգրկվածության մասին նա տեղյակ չի եղել: 

Շաբաթը կոտրեց այն կարծրատիպը, որ Հայաստանում ընդդիմությանը եթեր չեն տալիս: Չորս տարի ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին փայլեց հեռուստացույցների էկրաններից: Նա Արտակ Ալեքսանյանի հյուրն էր Բանաձև հաղորդման շրջանակներում: «Նիկոլի հարցազրույցը Արմնյուզով շատերի կարծիքով լավագույնն ա, իմ կարծիքով 4-ի ու 4 ու կեսի արանքն ա»,-այս թեմայով ֆեյբուքյան իր էջում այսպես արտահայտվեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը: 


Ապա բլոգոլորտի ուշադրության կենտրոնում հայտնվեց մի հաճելի փաստ. Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիի անձնական կայքէջում հայտնվեց հայտարարություն այն մասին, որ ապրիլի 22-ին երգիչը կժամանի Հայաստան «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում: Բոչելլիի սիրահարները ցնծում էին, իսկ նրանք, ովքեր նրան մինչ այդ չէին ճանաչում, նույնպես ցնծում էին, որպեսզի մոդայից հետ չմնան:

 

Ողջ շաբաթվա ընթացքում բլոգոլորտի ուշադրության կենտրոնում էր հայրենի կրթական համակարգը: Թվում էր, թե ֆեյսբուքով տարված Արմեն Աշոտյանն այլևս նախարարության գործերով չի զբաղվում, մեկ էլ… խիստ նկատողություն  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին: Ըստ Աշոտյանի կարգապահական տույժը տրվել էր այն բանի համար, որ վերջինս չէր կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել էր երկրից և  ոչ պատշաճ կերպով էր կատարել իր ծառայողական պարտականությունները: Նկատողությունից խիստ վիրավորված՝ Զոլյանը խոստացավ դատարան դիմել, իսկ Աշոտյանին որակեց որպես ոչնչություն: Ավելի ուշ համալսարանում իրականցող ստոգումների արդյունքում անակնկալ պարզ դարձավ, որ Զոլյանը տարիներ շարունակ տվել է գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմներ: Իր ուղղությամբ հնարավոր կասկածները ցրելու համար նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումները ի հայտ ենք բերել «սկանդալից» երկու շաբաթ առաջ: Ով գիտի, գուցե ռեկտորի նման հրապարակային կեցվածքը պայմանավորված էր վերահաս բացահայտումները «լրատվական աղմուկի» վերածելու ցանկությամբ... »:

Շաբաթվա քաղաքական թոհուբոհն ընդմիջեց սկանդալային  «Միսս Հայաստան–2012» մրցույթը, որի հաղթողը ճանաչվեց  Երևանը ներկայացնող քսանամյա Աննա Առաքելյանը։ Կանգ առ ակնթարթ, դու հիասքանչ ես: Չգիտեմ… գուցե և ակնթարթով հիանալու մղումը մեր մեջ այնքան մեծ չլիներ, եթե մրցույթի նախորդ փուլերում բեմադրված Animal planet-ը այդքան հիասթափեցրած չլիներ մեզ: Ամեն դեպքում մեր գեղեցկուհին իրոք լավն էր: Իսկական հայուհի: 

 

Ողջ շաբաթվա ընթացքում ընտրապայքարը ցինիզմի մրցարշավի վերածեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու օլիգարխի ամուսին Սամվել Ալեքսանյանը: Սկզբում Հայրապետյանը հին ընկերներին չհիշեց, ապա լուսարձակեց Ալեքսանյանի ուղեղը: Նա բանկում հաշիվ բացեց և խնդրեց իրեն քարոզարշավ ծավալելու համար գումարով օժանդակել: Աղքատության ճիրաններում հայտնված հայրենակցին օգնության ձեռք մեկնեց նրա մրցակից Նիկոլ Փաշինյանը՝ 1000 դրամ փոխանցելով Ալեքսանյանի հաշվին: Իսկ ակտիվ ֆեյսբուքցի Նավակ Ճոճողը ավելի ժլատ գտնվեց՝ ընդամենը  100 դրամ փոխանցելով Ռուբեն Հայրապետյանի հիմանդրամին:

 

 

Ընտրություններն ընտրություններ չէին լինի, եթե չուղեկցվեին մազալու դեպքերով և կադրերով: Այդ կադրերից մեկն էլ ֆիքսեց News.am-ի տեսախցիկը, երբ էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ ծնկի իջած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեջքին պսպղաց ոսկեզօծ ատրճանակը: Իսկ թե ինչո՞ւ էր Ծառուկյանը հանդիպման զինված գնացել, նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ դա ոչ թե ատրճանակ էր, այլ վերտու հեռախոս: Ցավոք բարգավաճականի հերքմանը ոչ ոք չհավատաց, համացանցում սկսվեցին ակտիվ քննարկումներն ու հումորները, որոնց ԲՀԿ-ի ֆեյսբուքում գրանցված անդամներն ու ֆեյքերը պատասխանում էին հեգնանքով և թերահավատությամբ:

Դե ինչ, այսքանն էր նախորդ շաբաթվա ամփոփումը: Հուսով եմ չհաջողվեց  ձանձրացնել ձեզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել