ՀՀ-ում իշխանափոխությունը, անցած տարեսկզբին ռուսների հետ վտանգավոր հարաբերությունների շարունակական կոնտեքստը և Ալիևի հետ հանդիպելու նախադեպը (Դուշանբե 2018) ԱՄՆ-ում հավանաբար մտայնություն ստեղծեցին, որ ԼՂ խնդրի լուծման համար պատուհան է բացվել, և միգուցե նմանօրինակ բարձր լեգիտիմությամբ լիդերը, ինչպիսին Փաշինյանն է, կարող է ցավոտ որոշումների անդրադարձերը հասարակական հարթակներում թուլացնել, եթե, իհարկե, դրանք հնարավոր լինի կայացնել: Այս կոնտեքստում է պետք դիտարկել Իրանի հետ նրանց քաղաքականության կոշտացման ներքո հայկական կողմին Ալիևի հետ առանձին (Մինսկի խմբից դուրս) բանակցություններ վարելու Բոլտոնի առաջարկը: Դա հաստատում են նաև այն, որ դավոսյան հանդիպումը փակ էր (մինչև ռուսները սլիվ տվեցին), իսկ հանդիպման արդյունքում տեղի ունեցավ հեռախոսազրույց նույն Բոլտոնի հետ:
Դավոսյան հանդիպման ինտրիգը, բացի վերևում նշված գաղտնիության գործոնից, մեծացավ հատկապես այն պատճառով, որ նախորդ՝ Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո, որի արդյունքերի մասով Ադրբեջանը գոնե ցույց էր տալիս, թե շատ գոհ է, հայկական կողմը որևէ մեկնաբանություն չտվեց: Սա լարվածություն ստեղծեց ՀՀ հանրային ու փորձագիտական, քաղաքական շրջանակներում:
Այս համատեքստում Ս. Տարասովի հոդվածը և ռեգնումի Մ. Կոլերով ՖԲ գրառումը, թե հայկական կողմը հողեր է հետ տալու, ավելին՝ հունիսին ինչ-որ համաձայնագիր է ստորագրվելու, բավական մեծ աղմուկ ու լարվածություն մտցրեց իրավիճակի մեջ: Այս տեքստերի հասցեատերն, իհարկե, հայ հանրությունն ու այն ուժերն էին, որոնք այսօր ՀՀ-ում իշխանություն չեն: Ռուսները հայամետ ընկալվող փորձագետի շուրթերով այնպիսի տեքստ են դաշտ գցում, որը հայկական ընկալման համար լրիվ պարտվողական է, անընդունելի և դա անում են պայմանական ամերիկյան հովի ներքո տեղի ունեցած հանդիպման համատեքստում: Երևի հասկանալի է, թե դրա մեդիա նպատակը որն էր:
Պարզ է, որ ռուսների համար Փաշինյանը դեռևս խնդրահարույց կերպար է, սակայն ամեն պարագայում նրանք չեն ցանկանում ՀՀ-ն կորցնել, ավելին՝ ՀՀ-ն կորցնելով նրանք միգուցե ռեգիոնն են կորցնում, որը Իրանի նկատմամբ ԱՄՆ «նոր» քաղաքականության ներքո կարող է նոր կարգավիճակ ստանալ:
Այս առումով Ադրբեջանը նույնպես շահագրգիռ է ԼՂ խնդիրը փորձել առավել արագ լուծել՝ հետո Իրանի հարցում կողմնորշման էլ ավելի բարդ վիճակում չհայտնվելու համար: Սա է նաև պատճառը, որ վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, իբրև թե ԼՂ խնդրի լուծման պատուհան է բացվել, և բոլորը սպասում են ՀՀ-ի քայլին: Սա իրականում հրապարակային դիվ. ճնշում է ՀՀ-ի վրա ու ծուղակ, իբրև բոլորը սպասում են քո «կառուցողական» քայլին:
Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը նույնպես շահագրգիռ է խնդրի լուծմամբ. դա հստակություն կբերի ռեգիոնում, կարող է դրական փոփոխել Թուրքիայի վարքը, կվերանա հավելյալ լարվածության աղբյուրն Իրանի շուրջ, որը վերջինս ամեն պահի տարբեր կերպ կարող է օգտագործել, ասենք, Ադրբեջանի դեմ:
Եվ ամենակարևորը՝ ԱՄՆ-ը շահագրգիռ է ԼՂ խնդրի կարգավորմամբ, քանզի դրանով կթուլացնի ռուսական ազդեցությունը ռեգիոնում՝ առհասարակ և ՀՀ-ում՝ մասնավորապես: Ի՞նչ է տալիս ԼՂ խնդիրը ՌԴ-ին ռեգիոնում․ ռազմաքաղաքական որոշակի կառավարելի հավասարակշռություն, որը որոշակի խախտել-վերականգնելով նա կարողանում է իր շահերը սպասարկել: Տալիս է զենքի վաճառք ու էներգետիկ եկամուտներ:
Այս առումով ամենից ոչ նախանձելին ՀՀ-ի վիճակն ու Փաշինյանի կարգավիճակն է: Լինելով նոր մարդ այս բազմամակարդակ խաղի մեջ նա՝ մի կողմից ունի ամենից փոքր կաշկանդվածությունը և մյուս կողմից՝ ամենից մեծ փորձի պակասը: Հրապարակային տպավորություն ստեղծելով, թե նա ծուղակ է ընկել, շատերը մոռանում են, որ, անկախ նրա լեգիտիմության աստիճանից, մեր ու հարևան երկրում ԼՂ խնդիրը, հողերի վերադարձի հարցը ընկալվում են որպես իշխանափոխության հարց: Անկախ այսօրվա էյֆորիկ արդեն նվազող վիճակից՝ կարծում եմ՝ ՀՀ-ում այս մասով իրավիճակ չի փոխվել:
Մյուս կողմից՝ ո՞վ ասաց, թե ՀՀ վարչապետը պարտվողական նման քայլի կգնա ՀՀ ազգային շահերի դեմ՝ զրոյացնելով իր բացառիկ քաղաքական կապիտալը: Ամենևին: Խնդիրը կհանրայնացվի, ու ժողովուրդը կորոշի: Իհարկե, սա թույլ դիրքերից խնդրի չլուծման տարբերակ է, բայց, այնուամենայնիվ, տարբերակ է: Մենք ԼՂ խնդրում ուժեղ դիրքերից հազվադեպ ենք հանդես եկել:
Իսկ հող «հանձնելու օրակարգն» այս համատեքստում հին է այնքան, որքան ԼՂ խնդիրն առհասարակ, և այս փուլում մեդիամանիպուլյացիայի կարևոր գործիք է՝ անկախ բանակցային փուլի ներկա հանգրվանից, որին մենք դեռ չենք տիրապետում: