Հայաստանի իշխանությունների առջև ծառացած կարևորագույն մարտահրավերը հասարակության հավատի ու վստահության վերականգնումն է պետական ինստիտուտների և մասնավորապես՝ դատական համակարգի նկատմամբ:

Բոլորը շատ լավ գիտակցում են, որ մեր երկրում իրականացվող արդարադատության գործընթացի նկատմամբ գոյություն ունի հասարակության վստահության ճգնաժամ, որը շարունակում է պահպանվել: Մարդիկ չեն հավատում ոչ միայն դատարաններին, այլև իրավապահ համակարգին ամբողջապես:

Այսպիսի մտայնության պայմաններում կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ արված քաղաքական հայտարարություններն ու ուղերձները ոչ միայն չեն պսակվի հաջողությամբ, այլև խոսքի ու գործի միջև տեսանելի անհամապատասխանությունը ժամանակի ընթացքում կբերի լուրջ հարցադրումների, որոնց պատասխանները դժվար կլինի տալ:

Խորապես համոզված եմ, որ գործող իշխանության համար իրապես արդար դատական համակարգի կայացման, դատական իշխանության անկախության ձևավորման և այդ իշխանության արդյունավետ աշխատանքի ապահովումը ամենաիսկական փորձությունն է, որը պետք է հաղթահարվի նրանց կողմից:
Ինձ համար, օրինակ, տարօրինակ կլինի, եթե վերջում պարզվի, որ Մարտի 1-ի գործով իրականացվող քրեական գործի ողջ վարույթի ընթացքում չեն պահպանվել օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունը, իսկ որոշ անձնանց նկատմամբ էլ դրսևորվել է ակնհայտորեն խտրական վերաբերմունք:

Իսկ ավելի պարզ, եթե այդ գործի շրջանակներում իրավապահ համակարգի հետաքրքրությունների տեսադաշտից շարունակելու են դուրս մնալ մի շարք ազդեցիկ անձինք, ովքեր առանցքային դերակատարություն են ունեցել մարտի 1-ի գործընթացում, ուրեմն՝ վստահաբար պետք է արձանագրել, որ ժամանակի ընթացքում պատուհան է բացվելու որոշ մարդկանց համար՝ շահարկելու այս հանգամանքը՝ ընդհանուր առմամբ հեղինակազրկելով ու նսեմացնելով այս գործի կարևորությունն ու ընթացքը:

Օր առաջ անհրաժեշտ է ձևավորել վերը նշված խնդիրների իրագործման ռազմավարական հայեցակարգ և ձեռնամուխ լինել այն կյանքի կոչելուն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել