Մահացած մարդկանց լուսանկարները կազմում են պատմության ամենահետաքրքիր մասերից մեկը։ Համացանցում այսօր նման բազմաթիվ լուսանկարների կարող եք հանդիպել։ Սակայն հիմնականում մարդիկ չեն էլ պատկերացնում, որ այդ լուսանկարների գլխավոր կերպարները կենդանի չեն։ Նման լուսանկարներ անելը տարածված էր Եվրոպայում և Ամերիկայում XIX դարի երկրորդ կեսին։ Հիմնականում նման կերպով լուսանկարում էին երեխաներին և տարեցներին։

Այս ավանդույթի, որը տարածում էր գտել 1860-1910-ականներին, բացատրությունը բավականին պարզ է։ Այն ժամանակներում սեփական լուսանկարչական ապարատներ մարդիկ չունեին։ Անձնական լուսանկարներ հազվադեպ էին արվում. լուսանկարչի աշխատանքը բարձր հեղինակություն էր վայելում և բարձր որակավորում էր պահանջում, հետևաբար լավ էր վարձատրվում։

Ձախում գտնվող փոքրիկ աղջնակը մահացած է

Ընտանեկան լուսանկար անելը ստուդիայում թանկ հաճույք էր, իսկ ահա լուսանկարիչը սեփական տուն էր հրավիրում ընտանիքին՝ լուսանկարելու միայն այն դեպքում, երբ վերջիններս չափազանց մեծ ունեցվածքի տեր էին լինում։ Լուսանկարվելու համար ավելի վաղ պատրաստվում էին, հարդարում էին մազերը, լավագույն հագուստներն էին կրում. հենց այս պատճառով էլ XIX դարի լուսանկարներում մարդիկ նման հպարտ ու գեղեցիկ տեսք ունեն։ Նրանց դիրքը մանրամասնորեն որոշվում էր։

Այսպես, քանի որ լուսանկարվելը չափազանց թանկ հաճույք էր, շատերն իրենց կյանքում ուղղակի չէին հասցնում լուսանկարվել։ Սա հատկապես վերաբերում էր երեխաներին, քանի որ մանուկների մահացությունը XIX դարում տարածված էր։ Ընտանիքները մեծ էին, և 10 երեխաներից միջինում 2-3-ը մահանում էին հիվանդություններից, հակաբիոտիկների և պատվաստումների բացակայության պատճառով։ Տարեցները ևս հազվադեպ էին լուսանկարվում, քանի որ նրանց երիտասարդության տարիներին լուսանկարչություն երևույթը գոյություն չուներ, իսկ տարեց ժամանակ այլևս ի վիճակի չէին լինում դա անելու։

Դժվար է հավատալը, սակայն այս լուսանկարում երկու աղջիկներն էլ մահացած են

Արդյունքում մարդիկ տխրում էին, որ չունեին ընտանեկան լուսանկարներ, միայն հարազատներից մեկի մահից հետո։ Այդ ժամանակ արագորեն դիմում էին լուսանկարչին, հանգուցյալի մարմինը փորձում էին հնարավորինս կարգի բերել և «կենդանի» դիրքով նստեցնում էին աթոռին։

Լուսանկարիչները նման դեպքում մեծ գումարներ էին աշխատում։ Գոյություն ունեին մի շարք խորամանկություններ և միջոցներ, որոնք թույլ էին տալիս հանգուցյալներին կենդանի մարդու տեսք հաղորդել։ Մահացածների աչքերի կոպերն արհեստականորեն բացում էին և անտեսանելի կպչուն թղթով ամրացնում կոպերին, իսկ բիբերը շարժում էին այնպես, որ «նայեին» լուսանկարչական ապարատին։ Երբեմն հասկանալը, որ լուսանկարում մահացած մարդ կա, պարզապես անհնար է։

Այս երևույթն անկում ապրեց արդեն XX դարի սկզբին, իսկ 1920-ականներին վերջնականապես անհետացավ։ Տարածում գտան անձնական լուսանկարչական ապարատները, լուսանկարչությունն առավել էժան ու հարմարավետ դարձավ։ Իսկ մեզ, որպես հիշողություն, մնացին անցյալի սարսափելի լուսանկարները։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել