20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ հայտարարել այն օրը, երբ Ամերիկան մեզ կգովի»: Եթե Հայաստանում կան խելացի հայեր, ապա պիտի ասեն. «Պետք է սուգ հայտարարել այն օրը, երբ ընդհանրապես Արևմուտքը մեզ կգովի»: Կարծես այդ օրը եկել է` Արևմուտքն ի դեմս Եվրամիության մեզ գովել է, այն էլ` Հայաստանի համար ամենակարևոր հարցում, ինչը կարող է ազգային ողբերգության վերածվել:

Փորձանքն այն է, որ ԵՄ-ը հիացած է հայ-ադրբեջանական բանակցություններով: Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է բանակցությունների արդյունքների՝ ներառյալ երկրների արտգործնախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը, ինչպես նաև բանակցություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերին»:
Հիմա չենք հասկանում, թե ինչ ասել է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը»: Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչպե՞ս են խաղաղության նախապատրաստելու: Ինչո՞ւ հայկական կողմը չի խոսում իր, մեղմ ասած, դաստիարակչական պլանների մասին: Կամ՝ այդ ի՞նչ պայմանավորվածություն է, որից հիացել են թե՛ Բրյուսելում, թե՛ Բաքվում:
Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպման կապակցությամբ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ. երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին՝ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա։ Հարցրել են՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, եղանակի տեսությունի՞ց են խոսել»:
Փաստորեն, կարող ենք եզրակացնել, որ, նախ` Փաշինյանը ստում է, խոսելով բանակցությունների բացակայության մասին, այն դեպքում, երբ Եվրամիությունը հիացած է և գովում է մեզ, երկրորդ՝ կատաստրոֆիկ վատ է հայկական կողմի համար ինքնորոշման սկզբունքի անհետացումը: Երրորդ` եթե Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Շարմազանովի խոսքերով, իսկ հայկական կողմը պաշտոնապես չի արձագանքում դրան, չի արտահայտում իր կարծիքն առ այն, որ Հայաստանը երբեք չի համաձայնի Արցախի որևէ կարգավիճակի Ադրբեջանի կազմում, իսկ այս դիրքորոշումը 20 տարի անընդմեջ պահպանել են Քոչարյանն ու Սարգսյանը, ապա նշանակում է` մի բան թարս է գնում: Մնում է միայն, որ հայ ժողովուրդը Հայաստանում և Ղարաբաղում շուտ տեղեկանա գլխին գալիքի մասին և արտահայտի իր պահանջը Փաշինյան Նիկոլին, որի համար, ինչպես հայտնի է, ժողովրդի կարծիքը սրբազան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել