Turkish Airlines (THY) ավիաընկերությունը սկսել է իրականացնել Անկարա-Թբիլիսի ուղիղ չվերթներ:
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազղանը հայտարարել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթները շատ կարևոր են:
Ըստ նրա՝ Վրաստանն ու Թուրքիան ունեն զբոսաշրջային մեծ ներուժ և պետք է դա օգտագործեն:
Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է․ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալով՝ օգնում է վրացական բանակին անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եռակողմ ֆորմատով բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Թուրքիան Վրաստանի կարևոր տնտեսական գործընկերն է։ Թուրքական ներդրումները հատկապես ակտիվ են մահմեդական Աջարիայում։ Անկարան փորձում է տնտեսական էքսպանսիա իրականացնել Աջարիայում, ինչպես նաև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում:
Վրաստանը Թուրքիայի համար պատուհան է դեպի Ադրբեջան ու թյուրքական Կենտրոնական Ասիայի, Կասպյան տարածաշրջան: Վրաստանով են անցնում Անկարայի համար կարևոր էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքները:
Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կամրջող երկիր է: Երկկողմ հարաբերությունները շարունակվելու են զարգանալ ու ամրապնդվել (տնտեսական, աշխարհաքաղաքական), Անկարայի` պանթուրքիստական ու նեոօսմանական քաղաքականությունից ելնելով:
Վրաստանի համար կարևոր են թուրքական ներդրումները, ռազմական օգնությունն ու 80 միլիոնանոց թուրքական շուկան: Բացի այդ` Վրաստանը ստիպված է հաշվի նստել իր երկրում մահմեդական զգալի բնակչության հետ։ Անկարան այդ բնակչության հետ ակտիվորեն աշխատում է` ստեղծելով սեփական լոբբին Վրաստանում:
Թուրքիայի համար կարևոր է, որ Վրաստանը շարունակի ունենալ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական ուղենիշ ու մնա հակառուսական պլացդարմի կարգավիճակում։ Դա թույլ է տալիս Անկարային կառուցել լոգիստիկ միջանցքներ դեպի Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա` ամրապնդվելով Հարավային Կովկասում, Կասպյան տարածաշրջանում ու մրցակցել ՌԴ-ի հետ ԵԱՏՄ-ի անդամ կենտրոնասիական երկրներում: