Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են ռազմական կապի տարբեր միջոցների համատեղ արտադրության մասին: Այդ մասին ասված է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության հայտարարության մեջ:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի ռազմական արդյունաբերության և թուրքական Aselsan ընկերությունների միջև:
Aselsan-ն ու Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը համատեղ ռազմական կապի միջոցներ կարտադրի:
Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը վերջին տարիներին բարձրացել է որակական նոր մակարդակի․ պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, թուրքական ռազմական մասնագետները պատրաստում են ադրբեջանական սպայակազմ, թուրք խորհրդականները գտնվում են Ադրբեջանի բանակի տարբեր օղակներում:
Թուրքական մամուլը վերջերս հայտնել էր, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանը որոշել է ուժեղացնել իր ռազմա-օդային ուժերը:
Ադրբեջանը, իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ (հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից):
Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝ Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան, այդ թվում՝ հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել, փորձարկել ղարաբաղյան ճակատում: Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները:
Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով։ Չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում, և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու: