Կառավարության նիստի մեկնարկին այսօր Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի առաջարկով օրակարգում ընդգրկվեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի հարցը:
Փոխնախարարն առաջարկեց կառավարությանը ազատել Սյունիքի մարզպետին զբաղեցրած պաշտոնից, ինչը եւ արեց գործադիր մարմինն առանց ավելորդ քննարկումների:
Հիշեցնենք. իր տան մոտ հնչած կրակոցներից եւ որդու կալանավորումից հետո մարզպետարանի կայքում հայտնվել էր հայտարարութուն, որում մարզպետը մասնավորապես նշում էր. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Փաստորեն, մարզպետը միանձնյա որոշում էր կայացրել եւ ինքն իրեն ազատել իր պարտականությունները կատարելուց: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 88.1. հոդվածը հստակ նշում է. «Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից»: Մոտավորապես նույն բովանդակությունն ունի դեռեւս 1997թ.-ին ստորագրված եւ առա այսօր գործող «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը:
Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետի` սեփական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից ի վեր որեւէ պաշտոնական տեսակետ այս հարցի շուրջ մինչ այս պահը չէր հնչել: Կառավարության լրատվության պատասխաատուներն օրեր շարունակ անհասանելի էին դարձել լրագրողների համար` խուսափելով անգամ հստակեցնելուց՝ ի վերջո գրել է Սուրեն Խաչատրյանը իր հայտարարության տեքստին համահունչ դիմում, թե ոչ:
Փաստորեն, մարզպետը նախապես հայտարարել էր «ժամանակավոր» հրաժարականի մասին, բայց կառավարությունը նրան ընդմիշտ ազատեց 2004 թ. մարտի 25-ից առ այսօր զբաղեցրած այդ պաշտոնից: